չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արմավիրի մարզում վարորդը BMW-ով մխրճվել է հեղուկ գազի լցակայան ու հայտնվել լիցքավորման սարքի մեջ՝ կոտրելով այն

Արմավիրի մարզում վարորդը BMW-ով մխրճվել է հեղուկ գազի լցակայան ու հայտնվել լիցքավորման սարքի մեջ՝ կոտրելով այն

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Գագիկ Մուրադյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել հեղուկ գազի լիցքավորման կայանում տեղադրված գազի լիցքավորման սարքի մեջ, կոտրելով այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչ Եղիշե Եղյանն ու տեսուչ Էդգար Մաթևոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գազալցակայանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս: 

  • Կիսվել: