Արցախում պայթյունի հետեւանքով տուժածներին բերում են Այրվածքաբանության կենտրոն
Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետեւանքով տուժածներին Սիսիանից տեղափոխեցին Երեւանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Այս պահին կենտրոնին է մոտեցել 6 շտապօգնության մեքենա, եւ տուժածներին տեղավորում են հիվանդանոցում։
Սպասվում են էլի շտապօգնության մեքենաներ։
Այս պահին կենտրոնի մոտ հավաքվածներից շատերը չգիտեն, իրենց բարեկամներն այստեղ են տեղափոխվել, թե՝ ոչ, քանի որ նրանց հետ չեն կարողացել կապնվել։ Սպասում են բժիշկների պարզաբանմանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով եւ բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ Ժամը 11.30 սահմաններում առաջին ուղղաթիռն իջել էր Սիսիանում, որտեղից տուժածների շտապօգնության մեքենաներով տեղափոխեցին Երեւան։






