«Բարև ձեզ, ինչի եք եկել», «Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ինչու եք եկել», «Ագրեսիան ընդդիմության նկատմամբ ավելանալու է». Վարդանյան-Մինասյան-Սիմոնյան լեզվակռիվ
«Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ՝ ինչի եք եկել, ճիշտն ասած, մենք սովորել էինք, որ այլևս չեք ներկայանում»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ամբիոնին մոտենալով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հարցով դիմեց ընդդիմությանը։
Նրան արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Այս տեմպով դուք շուտով արդեն հաց ուտելն էլ կորոշեք՝ ով հաց ուտի, ով չուտի, ով ջուր խմի, ով չխմի։ Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ինչու եք եկել, ո՞վ եք ընդհանրապես, որ ձեզ իրավունք եք վերապահում»։
Այնուհետև Մինասյանին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Տեղեկացնեմ , որ Ծովինար Վարդանյանն ընտրված պատգամավոր է, իշխող մեծամասնության ներկայացուցիչ, այն թիմի ներկայացուցիչ, որ երկու անգամ ձեզ և ձեր թիմին ջախջախել է ընտրություններում։ Ձեզ կոռեկտության սահմաններում պահեք»։
«Դուք ինչո՞ւ եք եկել»,- հարցրեց Մինասյանը։
«Մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար... Եկել եմ, որ ձեզ աշխատավարձ տամ, պարգևավճար տամ։
Ագրեսիան ձեր նկատմամբ չի դադարելու, ավելանալու է։ Տեղեկացնում եմ»,- ասաց Սիմոնյանը։



