Անդրանիկ Քոչարյանը պահանջել է Սեյրան Օհանյանից կարգի հրավիրել իր կնոջը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաղորդագրություն է ուղարկել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ պահանջելով կարգի հրավիրել իր կնոջը։
Այս մասին Քոչարյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։
«Նախկինում և ընդհանրապես բանակում եղած կոռուպցիայի, դրա վերացման ուղղությամբ իմ կողմից արված հայատարարություններից, բերված օրինակներից (այդ թվում Վահագնի թաղամասում տարիներ շարունակ կառուցվող առանձնատունը), ինչպես նաև մամուլում այդ օրինակների շուրջ ծավալված քննարկումներից հետո, Սեյրան Օհանյանի տիկինը շարունակաբար անհասկանալի ակտիվություն է ցուցաբերում:
Վերջինիս կողմից երեկ արված հրապարակումից հետո մեդիայում լուրեր տարածվեցին, իբրև թե ես նրան լրատվականներից մեկով անոնիմ պատասխանել եմ: Այս կապակցությամբ նշեմ, որ վերոնշյալ տիկնոջ բովանդակազուրկ գրառումները դուրս են իմ հետաքրքրությունների շրջանակից, հետևաբար՝ անպատասխան են մնալու:
Այնուամենայնիվ, հաղորդագրություն եմ ուղարկել նրա ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը և սաստել նրա այդօրինակ դրսևորումները»,-ասված է գրառման մեջ։
Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Մի րոպե մի բան ասեմ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ անդրանիկ քոչարյանին:
Ժողովուրդը և հատկապես ես «հիացած» ենք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստեղծագործելու ձեր ֆանտաստիկ ունակություններով, եւ թերևս համեմատելի եք ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնի հետ: Իսկ ոմանք էլ՝ հատկապես դատախազներ, դատավորներ, իրավագետներ, փաստաբաններ, գտնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իմ ընտանիքի դեմ ձեր հայտարարությունները ավելի շատ պոետիկ են եւ իրենց նրբերանգներով հիշեցնում են գերմանացի հանճարեղ պոետ Վ.Գյոթեին:
Ինչևէ:
ՀԳ
Ձեզ անհայտ ֆրանսիացին, որն, ի դեպ, հայտնի դիվանագետ է, կինը՝ avocate de droit international, շուտով կլինի Երևանում:
Ունի 2 զավակ եւ 5 թոռ, որոնք իրենց հոր սեփականության ժառանգորդներն են»: