հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՆԱՏՕ-ն աջակցում է Թուրքիայի կողմից «Eurofighter Typhoon» կործանիչների գնմանը

ՆԱՏՕ-ն աջակցում է Թուրքիայի կողմից «Eurofighter Typhoon» կործանիչների գնմանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այցի շրջանակներում Ռյուտեն հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը, գրում է ermenihaber.am-ը:

Անդրադառնալով Թուրքիայի ռազմարդյունաբերությանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ այն շատ կարևոր է դաշինքի համար։ Խոսելով «Eurofighter Typhoon» կործանիչներից՝ Ռյուտեն նշել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսում կործանիչների վաճառքի վերաբերյալ կառուցողական բանակցություններ են եղել։

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան ցանկանում է գնել 40 միավոր «Eurofighter Typhoon» կործանիչներ և դրանց ձեռքբերման համար աշխատանքներ են տարվել Իտալիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության հետ, սակայն Գերմանիան դեմ է այդ վաճառքին։

Ռյուտեի նշմամբ՝ գերմանական կողմի մոտեցումը նախորդների համեմատ ավելի դրական է եղել։

«Ես դաշնակիցներին հորդորում եմ սահմանափակումներ չդնել մի դաշնակցից մյուսին զենք վաճառելու վրա։ Նման բան չպետք է տեղի ունենա դաշինքի ներսում»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

 

  • Կիսվել: