հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Պետության կայունությունն ու զարգացումը սկսվում են հզոր տնտեսությունից. նախարար

Պետության կայունությունն ու զարգացումը սկսվում են հզոր տնտեսությունից. նախարար

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։
 
Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։
 
Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության դեմ պայքարին և մի շարք այլ կարևոր թեմաների։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։
 
Քննարկման ընթացքում Գևորգ Պապոյանը շեշտել է, որ տնտեսությունը պետության զարգացման հիմքն է․ «Պետության կայունությունն ու զարգացումը սկսվում է հզոր տնտեսությունից։ Առանց դրա հնարավոր չէ ունենալ զարգացած գիտություն, ուժեղ բանակ, կրճատել աղքատությունը և ապահովել համապարփակ առաջընթաց»։
 
Հանդիպումն անցել է բաց և անկաշկանդ մթնոլորտում՝ նպաստելով ուսանողների տեղեկացվածության բարձրացմանը տնտեսության ոլորտում իրականացվող պետական նախաձեռնությունների վերաբերյալ։

  • Կիսվել: