երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԱՄՆ-ը փորձել է օգտակար լինել Հայաստան-Ադրբեջանի միջև խաղաղության և հաշտության խոսակցությանն աջակցելու համար. Պետդեպ

ԱՄՆ-ը փորձել է օգտակար լինել Հայաստան-Ադրբեջանի միջև խաղաղության և հաշտության խոսակցությանն աջակցելու համար. Պետդեպ

Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո ԱՄՆ-ը փորձել է օգտակար լինել նրանց երկուսի միջև խաղաղության և հաշտության խոսակցությանն աջակցելու համար: Այս մասին նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր շաբաթվա շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։

«Կարծում եմ՝ գիտեք, որ հայ-ադրբեջանական պատերազմից հետո՝ այս գարնանը, ԱՄՆ-ն փորձել է օգտակար լինել նրանց երկուսի միջև խաղաղության և հաշտության խոսակցությանն աջակցելուն: Մենք մասնակցել ենք փոխանակմանը. մեր միջնորդությամբ փոխանակվել են ականապատ տարածքների որոշ քարտեզներ, որոնք հայերը հանձնել են վիճելի տարածքում գտնվող ադրբեջանցիներին`որոշ ձերբակալվածների ազատ արձակման համար: 

Այսպիսով, այժմ հարց է ծագում՝ արդյոք կարող ենք ԱՄՆ-ի աջակցությամբ, Մինսկի խմբի այլ երկրների աջակցությամբ, Թուրքիայի աջակցությամբ ավելի շատ նպաստել երկու երկրների միջև լարվածության էլ ավելի թուլացմանը, կալանավորների մասով, ականների մասով, հետո օգնենք կատարել փոքր քայլեր, որոնք կարող են ճանապարհ հարթել դեպի խաղաղության և հաշտեցման ավելի լայն գործընթաց:  

Այսպիսով, պետքարտուղարը հասկացրել է Թուրքիային, որը չափազանց ներգրավված է և հարևան է, որ մենք պատրաստ ենք օգտակար լինել, եթե կարողանանք: Բացի այդ, պետքարտուղարն այս շաբաթ երկկողմ հանդիպումներ է ունենալու հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկն անելու է այնտեղ»,-ասել է ներկայացուցիչը:

  • Կիսվել: