շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման համար. Պապոյան

Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման համար. Պապոյան

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ժողովի անցկացման նպատակն էր ներկայացնել ԱԱՊՀ վերջին երկու տարիներին գրանցած ձեռքբերումները, քննարկել առաջիկա նախաձեռնություններն ու սահմանել գործարար համայնքի ռազմավարական առաջնահերթությունները:
Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Գևորգ Պապոյանն իր խոսքում ընդգծել է, որ ԱԱՊՀ-ի հաջող գործունեությունը ոչ միայն խթանում է երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացումը՝ նպաստելով մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանը, այլև ունի կարևոր դերակատարություն Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և նորարարական լուծումների ներմուծման տեսանկյունից։
«Պալատն ակտիվորեն ներգրավված է պետական բարեփոխումների քննարկումներում, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնություններում և տնտեսության զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացում: Պալատի անդամների փորձն ու առաջարկությունները հատկապես արժեքավոր են այն փոփոխությունների համար, որոնք մենք նախատեսում ենք իրականացնել՝ բիզնեսի համար ավելի կանխատեսելի և գրավիչ պայմաններ ստեղծելու համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:
Ժողովի ընթացքում ԱԱՊՀ անդամներն ընտրել են նոր տնօրենների խորհուրդ։

  • Կիսվել: