Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մեքսիկացի սենատորներին
Հունվարի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումի և Ինդիրա Կեմպիս Մարտինեսի գլախավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Վերհիշելով հայրապետական իր այցը Մեքսիկա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ հայկական համայնքի նկատմամբ Մեքսիկայի իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչը նաև մեծ գնահատանք է հայորդիների ծառայությանը՝ ի նպաստ Մեքսիկայի առաջընթացի։
Հանդիպմանը, սենատորները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հաստատեցին, որ Նորին Սրբության օրհնությունն առավել պարտավորեցնող է էլ ավելի նախանձախնդրորեն պայքարելու հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերին»։