չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«ԱԻ օդանավակայան» ՓԲԸ-ն կհանվի մասնավորեցման ցանկից և կօգտագործվի ԶՈՒ կարիքների համար. նախագիծ

«ԱԻ օդանավակայան» ՓԲԸ-ն կհանվի մասնավորեցման ցանկից և կօգտագործվի ԶՈՒ կարիքների համար. նախագիծ

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել պետական գույքի մասնավորեցման՝ 2017-2020 թվականների ծրագրում՝ մասնավորեցման ցանկից հանելով «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Այս մասին նախագիծն Ազգային ժողովի՝ փետրվարի 6-ի նիստին ասաց ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ ներկայացնելով ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Ըստ նրա՝ ընկերությունը գտնվում է Լոռու մարզում, երկար տարիներ օդանավակայանը չի շահագործվել, թռիչքներ չի իրականացրել: Ընկերության գույքը կազմում է 61,7 հեկտար հողատարածք, օդանավակայանի շենքերի մեծ մասն ամբողջությամբ քանդված են:

«Կազմակերպության գույքը Կառավարության որոշմամբ ամրացվել է ՊՆ-ին, և առաջարկում ենք կազմակերպությունը՝ ՓԲԸ-ն, հանել մասնավորեցման ծրագրից»,- ասաց Առնակ Ավետիսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ տարածքի նպատակային օգտագործման ծրագիր կա՞: Առնակ Ավետիսյանը պարզաբանեց՝ գույքը ՊՆ-ին փոխանցելու Կառավարության որոշումն արդեն իսկ կայացվել է, գույքը հանվել է կազմակերպության հաշվեկշռից և դարձել պետական սեփականություն, և այժմ նպատակ կա այն օգտագործել ԶՈՒ-ի կարիքների համար:

«Դրանից ավելին բացելու հնարավորություն չունենք, որովհետև խոսքը ԶՈՒ կարիքների մասին է, և հնարավոր է՝ ստրատեգիական նշանակությամբ օգտագործվի [տարածքը]»,- ասաց Ավետիսյանը:

Հարակից զեկուցող Արփի Դավոյանը նշեց, որ երբ մասնավորեցման ցանկից օդանավակայանը հանվի, այնտեղ ներդրումներ պետք է արվեն, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի և պետք է շատ կարևոր դերակատարում ունենա:

«Որպես Լոռու մարզի ներկայացուցիչ՝ շատ ուրախ եմ սրա համար, որովհետև մեր տարածաշրջանում շատ դրական է գնահատվել այս նախագծի ի հայտ գալը, և օդանավակայանը մասնավորեցման ծրագրից հանելը»,- ասաց նա և հիշեցրեց՝ օդանավակայանն «ավերվել է» 2006 թվականից:

  • Կիսվել: