Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պարզապես կտրել Կապանը. Վահե Հակոբյան
Սյունիքում, բացի անվտանգային հարցերից, նաև տնտեսական խնդիր եմ տեսնում։ Այդտեղ 40 տոկոս ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից և սա վտանգված է։ Այս մասին խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նշենք, որ ադրբեջանցի ոստիկանները ստուգում են Հայաստան մտնող իրանական բեռնատարները, ինչից հետո համապատասխան փաստաթուղթ են տրամադրում։
Ըստ տեղեկությունների, իրանական բեռնատարներից նաև գումար են գանձում` 50 000 դրամին համարժեք։
Հակոբյանի խոսքով՝ ամենաթողության եւ ամեն ինչ զիջելու պարագայում, այո, ադրբեջանական կողմը լկտիանում է եւ Որոտանի կողքը, հենց անմիջապես ճանապարհի վրա ոստիկանական հենակետ են դրել:
«Իմ ստացած տեղեկություններով, կանգնեցնում են պարսկական բեռնատարները: Մարդատար մեքենաներին եւ հայկական բեռնատարներին չեն խոչնդոտում, բայց բեռնատարներին ստիպում են իրենց պատկերացմամբ, պետտուրք ասեմ, մաքսատուր ասեմ, ինչ-որ գումար են մուրում, գանձում, որից հետո թողնում են, որ մեքենաները շարժվեն դեպի Երեւան: ԱԱԾ-ն տեսաք ինչ հայտարարություն արդեց՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով: Սա ի՞նչ է նշանակում, մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ դա, այո, ադրբեջանական տարա՞ծք է: Իսկ Սեւ լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողները պատրաստվում են ձմեռվան, այնտեղ հիմնական կառույցներ են կառուցում, ինժեներական ակտիվ աշխատանքներ»,-ասաց նա:
Վահե Հակոբյանը նկատեց, որ այսօր ավելի կարեւորխնդիր չկա, քան Սյունիքն է. «Ի՞նչ դատավոր, ի՞նչ ԲԴԽ, ի՞նչ Ջհանգիրյան: Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է պարզապես կտրել Կապանը»,-ասաց նա:
«ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այդ մասին՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով. սա ինչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, թե, այո՛, դա ադրբեջանական տարածք է։ Իսկ Սև լճի տարածքում արդեն ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան»,- հայտարարեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ նորմալ չէ, երբ այս միջադեպի մասին Սյունիքի մարզպետը համացանցից է տեղեկանում, նորմալ չէ նաև, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում այն ժամանակ, երբ համացանցում արդեն այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել էր։
Խնդրի լուծումն, ըստ Վահե Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է։