շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոնի կնշանակվի․ «Հրապարակ»

Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոնի կնշանակվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Թագուհի Ստեփանյանը 2025 թ. մայիսի 13-ին ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից. լուծվել է նրա հետ 2023 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Թագուհի Ստեփանյանը երկար տարիներ եղել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն։ 2023-ին քաղաքապետարանի ղեկավարությունը որոշեց նրա փոխարեն նշանակել միավորված պոլիկլինիկաների երիտասարդ տնօրեն Ռուբեն Գրիգորյանին, իսկ Ստեփանյանին նրա փոխարեն պոլիկլինիկա տանել։ Մենք տեղեկացանք, որ Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոն է ստանալու։ Մեզ հետ զրույցում նա ասաց՝ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, քանի որ աշխատանքի առաջարկ է ստացել։ Որտե՞ղ է աշխատելու: Ասաց՝ Մուրացան հիվանդանոցային համալիրում՝ որպես գլխավոր բժիշկ. «Առաջարկն ինձ ավելի հոգեհարազատ է, հիվանդանոցն ինձ ավելի է ոգեշնչում աշխատանքով, քան պոլիկլինիկան»։

Փաստորեն, այլևս քաղաքապետարանը Ձեր վերահսկողը չի լինելու, քանի որ «Մուրացանը» Բժշկական համալսարանինն է։ Ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը քաղաքապետերի հետ, դժվարություններ կայի՞ն՝ հարցրինք մենք: Տիկին Ստեփանյանը բավարարվեց մեկ բառով. «Նորմալ»։ Պարզ է, որ չցանկացավ վատ բան ասել, իսկ լավ բան ասել չէր կարող»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: