չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, գրում է Հետքը:

Հունան Պողոսյանը, կինը՝ Նունե Պողոսյանը և որդին՝ Հովհաննես Պողոսյանը, հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, որ ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում:

Նշենք, որ այս փուլում Դատախազությունը չի տրամադրում տեղեկություններ, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձանց գործի նյութերին ծանոթանալուց, դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելուց հետո հնարավոր է փոփոխվի ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկը:

Հունան Պողոսյանը 2010թ.-ին է նշանակվել Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնում և 8 տարի պաշտոնավարելուց հետո՝ 2018թ. իշխանափոխությունից հետո, հրաժարականի դիմում ներկայացրեց: Մինչ այդ էլ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել իրավապահ համակարգում:

Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018թ. հոկտեմբերի 16-ին: Այդ օրը Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հունան Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես ընդունված է ասել՝ նախորդ կառավարության կամ  նախկին իշխանության տարիներին:

«Ես կարծում եմ՝ որոշ իմաստով այս առաջարկը կարող է թվալ տարօրինակ, և ես հիմա որոշ պարզաբանումներ եմ ներկայացել, թե ինչ ենք մենք ուզում անել և ինչու»,- հայտարարել էր Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկը իր կյանքն ավարտված չպետք է համարի: Այդ իսկ պատճառով չպետք է թույլ տան, որ երկրում զարգանա «քաղաքական ռասիզմը». և ինչ-որ մարդիկ ենթարկվեն որոշակի հետապնդումների, վատ վերաբերմունքի, միայն այն պատճառով, որ պաշտոնավարել են նախկին իշխանությունների ժամանակ:

  • Կիսվել: