կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն ու լավագույն շահի ապահովումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Ներկայումս 96 խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 152 երեխա։

Այս մասին հայտնում են նախարարությունից։

 

Ընդհանուր խնամատար ընտանիքներում կարող են խնամք ստանալ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։ Յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներ)։

Մասնագիտացված խնամատար ընտանիքում կարող են խնամք ստանալ հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարման խնդիրներով, հոգեկան տրավմայի ենթարկված երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը կամ նրանց երեխաները։

Այս դեպքում՝ խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը տրվում է նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներ)։ 

Երեխային խնամելու և դաստիարակելու համար կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում մատուցվող ծառայությունների դիմաց եկամուտ ստանալու ժամանակահատվածը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ: Խնամատար ծնող հաշվառվելու պահին ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չպետք է գերազանցի 55 տարին:

Խնամատար ծնող հաշվառվելու նպատակով՝ Հայաստանում մշտապես բնակվող չափահաս քաղաքացիներն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող են դիմել իրենց բնակության վայրի մարզպետարան (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան)․ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կիրականացվի համապատասխան գործընթացը։

  • Կիսվել: