Հայաստանում չեմ տեսնում մարդ, որի շուրջ ժողովուրդը համախմբվի. Մանուկյան
Օրինակ են բերում Գյումրու ավագանու ընտրությունները. Ազգային ժողովի ընտրությունները դրա նման չեն լինելու։ Դա ծուղակ է, Գյումրին ծուղակ է: Այս մասին այսօր «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում ասաց կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ ընտրություններն իշխանության համար լինելու են կյանքի ու մահի պայքար, իրենք կանեն ամեն ինչ, այն, ինչ չարեցին Գյումրիում։
«Դա կյանքի ու մահվան հարց է, իշխանություն, փող կորցնելու հարց է։ Ամեն ինչ կորցնելու հարցն է, այդտեղ իրենք գնալու են մինչև վերջ։ Պետք է լինի ճակատ, որը կարող է գնալ ընտրության։ Ընտրությունն իշխանությունը փոխելու համար լավ ձև կարող է լինել, բայց այն դեպքում, եթե դա մի ճակատ է, կամ միասնական ճակատը միասնական թեկնածու է դնում, որին չեմ տեսնում, Հայաստանում չեմ տեսնում մարդ, որի շուրջ ժողովուրդը համախմբվի... Կարելի է միասնական ճակատով գնալ ընտրությունների, երկու-երեք մասի բաժանվել, մինչև վերջ գնալ ու իշխանությունը վերցնել, առանց դրա Հայաստանը վերանում է»,-նշեց Մանուկյանը: