հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
95,2 մլն եվրո Կապսի ջրամբարի, ևս 5 մլրդ դրամ՝ Նոր Ջրաձոր գյուղի կառուցման համար․ ծրագրի մեկնարկը տրված է

95,2 մլն եվրո Կապսի ջրամբարի, ևս 5 մլրդ դրամ՝ Նոր Ջրաձոր գյուղի կառուցման համար․ ծրագրի մեկնարկը տրված է

Ամասիայի վարչական տարածքում Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել էր դեռ 1985 թվականին, նախատեսվում էր կառուցել 90 մլն մետր խորանարդ ծավալով ջրամբար, ինչը կապահովեր Շիրակի մարզի 30 հազար հեկտար հողատարածքների ոռոգումը: Պատվարի կառուցումը անավարտ մնաց 88-ի երկրաշարժի պատճառով, իսկ 1993 թվականից շինարարությունն ամբողջությամբ դադարեցվեց, գրում է shantnews.am-ը:

Երեսուն տարի անց վերսկսվում է ռազմավարական նշանակության ջրամբարի անավարտ շինարարությունը: Ախուրյանի կիրճի մի քանի անգամ փոքրացված մակետի վրա ճարտարապետը ցույց է տալիս ջրամբարի ընդհանուր տեսքը, հարակից կառույցների տեղակայումն ու դրանց գործարկման մեխանիզմները:

«Շատ հետաքրքիր կառուցվածք ունի էս ջրամբարը․ առկա է երկու թունել։ Առաջինը կունենա 498 մետր, իսկ երկրորդը ՝ 529 մետր երկարություն։ Մեկը ծառայելու է հատակային ջրթողի համար, իսկ մյուսը ոռոգման թունելն է, որտեղից ջուրը մղվելու է դեպի Ախուրյանի կիրճ»,- ջրամբարի կառուցվածքը ներկայացնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։

Ջրամբարի պատվարի բարձրությունը հասնելու է 53 մետրի, գործարկումից հետո կփոխվի նաև Գյումրի-Ամասիա ճանապարհի ուղղությունը: Դեպի արոտավայրեր, խոտհարքներ ու հին գյուղ՝ Ջրաձոր, հասնելու համար ևս այլընտրանքային ճանապարհ կկառուցվի, մայրուղին կանցնի հենց պատվարի վրայով:

Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 25 մլն մետր խորանարդ տարողության ջրամբար, շինարարության ընթացքում կօգտագործվեն գոյություն ունեցող պատվարի մի մասն ու կցակառույցները: Կապսի ջրամբարի տարածքում տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ իրականացվել են դեռևս 2015 թվականից: Կուտակվող ջրային պաշարներով հնարավոր կլինի ոռոգելի դարձնել մինչ այժմ անջրդի համարվող հազարավոր հեկտար հողատարածքներ:

«Առաջին փուլից հետո ոռոգելի հողատարածքները կլինեն 17 հազար հեկտար, նոր հողատարածքներ ևս կդառնան ոռոգելի՝ 2000 հեկտար, որոնք ներկայումս մեխանիկական ոռոգման եղանակով են ոռոգում, անցում կկատարվի ինքնահոս եղանակի»,- նշում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Ջրամբարի կառուցումը կարևորվում է նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների կրճատման ֆոնին պաշարների կուտակման ու ավելի արդյունավետ կառավարման տեսանկյունից: Երկրորդ փուլով նախատեսվում է ջրամբարի ծավալները հասցնել մինչև 60 մլն մետր խորանարդի, այս դեպքում կխնայվի նաև ոռոգման նպատակով ծախսվող էլեկտրաէներգիան:

Ջրամբարի բուն շինարարությունը կսկսվի մոտ մեկ ամսից, երբ տարածք կտեղափոխվի շինտեխնիկան ու կկառուցվի ժամանակավոր կեցավայր: Շինարարությունն իրականացնելու է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ գրուպ» ընկերությունը, որը ջրամբարների կառուցման մեծ փորձ ունի: Աշխատանքներում կընդգրկվեն նաև հայկական կապալառու ընկերություններ։

Կապսի ջրամբարի կառուցմանը զուգահեռ հաջորդ տարվանից կսկսվեն նաև Նոր Ջրաձոր գյուղի հիմնադրման աշխատանքները: Տեղափոխվող գյուղը կկառուցվի 11.6 հեկտար տարածքում, հատակագիծն ու նախագիծն արդեն պատրաստ են:

«84 տնտեսություն է նախատեսված, հեռանկարի համար մի քանի ռեզերվային տարածքներ կան, որոնք կարող են գյուղի զարգացումը ապահովել։ Սկզբում 76 տուն է լինելու, նախագծում ներկայացված են 86-ը։ Յուրահատուկ կառուցման ճարտարապետական լուծումների շնորհիվ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի բնակակմակերեսները ընդլայնել, հարկայնությունը բարձրացնել»,- նշում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը։

Նոր գյուղում անասնագոմեր չեն կառուցվի: Ըստ նախագծի, դրանք կլինեն գյուղից մոտ 300 մ հեռավորության վրա, որտեղ նախատեսվում է կառուցել ընդհանուր արտադրական տարածք: Ջրաձորցիներին առանձին անասնագոմեր ունենալու փոխարեն առաջարկում են ստեղծել կոոպերատիվ:

Նոր Ջրաձորի առանձնատների վերջնական նախագծման ու եղած բնակտարածքների հետ համադրությունների փուլը կմեկնարկի մայիսի 20-ից: Կհստակեցվեն նաև փոխհատուցման չափն ու տարբերակները: Նոր գյուղի կառուցման ընդհանուր արժեքը մոտ 5 միլիարդ դրամ է։ Բնակավայրի կառուցման շինարարական մրցույթ կհայտարարվի այս տարվա երրորդ եռամսյակում:

  • Կիսվել: