ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2-րդ օրն է՝ Սիս գյուղում 200-ից ավելի տան բնակիչներ առանց հոսանքի են. պատճառը տապալված էլեկտրասյուներն ու կտրված էլեկտրալարերն են

2-րդ օրն է՝ Սիս գյուղում 200-ից ավելի տան բնակիչներ առանց հոսանքի են. պատճառը տապալված էլեկտրասյուներն ու կտրված էլեկտրալարերն են

Արդեն 2-րդ օրն է, Արարատի մարզի Սիս գյուղի 200-ից ավելի տների բնակիչներ, ինչպես իրենք են նշում, հայտնվել են «քարե դարում»։

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «2 օր առաջ ուժեղ քամու հետևանքով գյուղում սովետական տարիներից օգտագործվող մի քանի փայտե էլեկտրասյուներ տապալվեցին։ Էլեկտրալարերը պոկվեցին, ինչի պատճառով էլ արդեն 2-րդ օրն է, մնացել ենք առանց լույս։ Զանգահարել ենք պատկան մարմիններին՝ քար անտարբերություն։ Էլեկտրիկին ենք դիմում, նա էլ պատասխանում է, թե՝ էլեկտրոցանցի ղեկավարությանը հայտնել եմ։ Խոստացել են, որ կգան, խնդիրը կլուծեն։ Բայց հես ա, 3-րդ օրն է լրանում, էլեկտրոցանցի ոչ մի պաշտոնյա չի բարեհաճում գա, մեր խնդիրը լուծի։

Միայն 2-րդ օրը, երբ ճանապարհին արածող կովը հոսանքահարվեց, էլեկտրիկին ստիպեցինք՝ լարերը սնուցող հոսանքն անջատեց, իսկ տապալված սյուներն ու թափված լարերը մինչև հիմա նույն վիճակում է։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, բա հիմա ո՞վ է պատասխան տալու մեզ անլույս թողնելու համար։ Պատկերացնում ե՞ք՝ 21-րդ դարում նման վիճակ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մտածելու տեղ ունի, թե ինչու է սպառողի նկատմամբ նման արհամարհական վերաբերմունք ցուցաբերում։ Ի՞նչ անենք, Նիկոլ Փաշինյանի նման հելնենք, փողոց փակե՞նք, որ նոր ձեր կաբինետներից դուրս գաք ու մտածեք ժողովրդի մասին։ Ձեզանից հո բան չե՞նք խնդրում։

Պարզապես պահանջում ենք, որ մեր տված հարկերի հաշվին սովետական տարիներից մնացած ու դարն ապրած էլեկտրասյուները փոխեք նոր՝ բետոնե էլեկտրասյուներով»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հայտնեց, որ խնդրին տեղյակ է, որ մարզում նմանատիպ մի քանի տեղեր կան, որ այդ վիճակն է, սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սեփական հիմնարկ է, ինքն անզոր է նրանց վրա ազդելու։ Հիմա ո՞նց չասես՝ «պարոն մարզպետ, աշխարհ, կանգնիր, իջնող կա»։ 

  • Կիսվել: