երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամփոփվել են «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները

Ամփոփվել են «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները

«Աշխարհն առանց թափոնների» ծրագրի նպատակն է բարելավել թափոնների կառավարման համակարգը Հայաստանում։ Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («Այ Էս Էս Դի») հասարակական կազմակերպության կողմից:

Դպրոցականների շրջանում կրթական ծրագրեր իրագործելու միջոցով թափոնների տեսակավորման գործելակերպի ձևավորումը կարևոր նշանակություն ունի բնակչության վարքագծի և թափոնների կառավարման համակարգի արդյունավետության տեսակետից։«Աշխարհն առանց թափոնների» հայեցակարգը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հանրային սոցիալական պատասխանատվության հենասյուներից է: Ընկերությունը մի շարք ծրագրեր է իրականացրել ու շարունակում է իրականացնել՝ միտված թափոնների կայուն կառավարմանը և շրջանաձև տնտեսության ձևավորմանը։

«Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը ևս նպատակ ունի  բարձրացնել դպրոցահասակ երեխաների իրազեկվածությունը, ովքեր մեկ անգամ ևս սովորում են, որ յուրաքանչյուր շիշ կարող է ունենալ «երկրորդ կյանք», և որ տեսակավորելով, այդ շշին նոր «կյանք» են տալիս: Առաջիկայում նպատակ ունենք շարունակելու ծրագիրը Երևանի 150 դպրոցներում՝ ապահովելով ծրագրի կայունության բաղադրիչը», - նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հասարակական գործերի և կայունության բաժնի տնօրեն Էլինա Մարգարյանը։

Նախագծով այս տարի Երևանի 30 դպրոցներում նախապես տեղադրվել է 150 տեսակավորման աման՝  պլաստիկ և թղթե թափոնների համար, իրականացվել են դասընթացներ ընտրված դպրոցների 6-րդ և/կամ 7-րդ դասարանցի ավելի քան 1,539 աշակերտների համար: «Ընտրված բոլոր դպրոցներն սկսել են տեսակավորել թափոնները, որի շնորհիվ հավաքվել է ավելի քան 3,000 կգ թափոն», - նշեց «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («Այ Էս Էս Դի») հասարակական կազմակերպության համահիմնադիր Մխիթար Ավետիսյանը։ 

«Երևանի բնապահպանական քաղաքականության հիմնական նպատակը մայրաքաղաքի բնական միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը և բարելավումն է՝ քաղաքային տնտեսության կայուն, առողջ և համաչափ զարգացումը և բնակչության բարեկեցությունն ապահովելու համար: Երևանի քաղաքապետարանը կարևորում է թափոնների կայուն կառավարման հիմնախնդիրները շրջանաձև տնտեսության համատեքստում և այդ բնագավառում մի շարք միջոցառումներ է նախաձեռնել։ Միևնույն ժամանակ առաջնահերթ ենք համարում նաև իրազեկվածության բարձրացումը հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում։ Թերևս սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը աջակցում է «Աշխարհն առանց թափոնների ծրագրին», որի  նպատակն է դպրոցականների շրջանում կրթական ծրագրերի իրականացման եղանակով թափոնների տեսակավորման գործելակերպի ձևավորումը: Թափոնների տեսակավորումը կարևորվում է ոչ միայն Երևանի, այլ ողջ հանրապետության համար, քանի որ այդպիսով կանխվում է շրջակա միջավայրի աղտոտումը, կրճատվում է աղբավայրերում կուտակվող աղբի ծավալը»,- նշեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը:

Ի դեպ, ամենաշատ թափոն հավաքած Երևանի հ. 20 և հ. 53  հիմնական դպրոցները հաղթող ճանաչվեցին, իսկ հ. 110 հիմնական դպրոցն ստացավ հատուկ  մրցանակ՝  բնապահպանական կարևոր գործունեություն ծավալելու համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին ծրագրին մասնակցել էր Երևանի ևս 120 միջնակարգ դպրոց։

  • Կիսվել: