հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Զոն նայողներից» շատերը բացահայտ հրաժարվել են կարգավիճակից. ՔԿԾ պետը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին

«Զոն նայողներից» շատերը բացահայտ հրաժարվել են կարգավիճակից. ՔԿԾ պետը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում գրանցվել է էական առաջընթաց. բացահայտվել է քրեական ենթամշակույթի մասով 6 դեպք, որից 4-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 2-ը ընթացքի մեջ են: Քրեական գործերով 5 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված աշխատանքների մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը նշեց, որ հիշյալ դեպքերով ակտիվ փոխգործակցություն է եղել Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության, դատախազության և նախաքննական տարբեր մարմինների հետ, ինչն արձանագրված հաջողության գրավականներից է։

«Բացատրական-կանխարգելիչ և քրեաիրավական ներգործության հիշյալ միջոցների համակցության արդյունքում, այսպես կոչված, «հեղինակությունները» դադարեցրել են հատուկ քանակակազմի շրջանում քրեական ենթամշակույթի ավանդույթների բացահայտ քարոզը, առերևույթ պահպանում են չեզոքություն, ազատությունից զրկված այլ անձանց շրջանում լուրեր են տարածում, որ հանցավոր պարզաբանումների և միջանձնային հարաբերությունները կարգավորելու համար այլևս պետք չէ իրենց դիմել, քանի որ գտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում և նախկինի պես չեն կարող միջամտել ու օգնել: «Զոն նայողներից» շատերը բացահայտ հրաժարվել են այդ կարգավիճակից՝ զգուշանալով քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Կան նաև դատապարտյալներ և կալանավորված անձինք, որոնք հրաժարվում են քրեական աշխարհի ավանդույթներից և սովորույթներից, անգամ այլ անձանց հետ շփումները սահմանափակելու համար վարչակազմին միջնորդում են իրենց պահել մյուսներից անջատ»,- ասաց Գոյունյանը:

 

Քրեակատարողական ծառայության պետն այս միտումներն առաջին հայացքից գոհացուցիչ է համարում, սակայն իրենց դիտարկումները վկայում են նաև, որ հանցավոր բարքերից հրաժարումը հաճախ կրում է ձևական բնույթ և իրականում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներն ընդամենը դադարել են բացահայտ գործունեություն ծավալելուց և քողարկում են իրենց գործողությունները։

«Նրանք դեռևս գտնվում են սպասողական վիճակում և ակնկալում են, որ պետության կողմից նախաձեռնված պայքարն ունենալու է ժամանակավոր բնույթ։

Սակայն այդպիսի ակնկալիք ունեցողներին սպասում է հուսախաբություն. համակարգում հասկանում են, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը ենթադրում է հետևողական, բայց և երկարաժամկետ գործողություններ, մենք ունենք վճռական կամք` այդ մնացուկները վերջնականապես արմատախիլ անելու։ Ցանկացած դեպք հետևողական ստանալու է ողջ խստությամբ արձագանք»,- շեշտեց Քրեակատարողական ծառայության պետը:

Արթուր Գոյունյանի կարծիքով`  հասարակության մեջ ձևավորված է այն թյուր կարծիքը, թե քրեական ենթամշակույթը պարփակված է քրեակատարողական հիմնարկների պատերից ներս, հետևաբար առավելապես քրեակատարողական համակարգից է կախված այդ երևույթի գոյության կամ բացակայության հարցը։ «Նախևառաջ պետք է արձանագրել, որ քրեական ենթամշակույթն իրականում չի սահմանափակվում միայն քրեակատարողական հիմնարկներում առկա դրսևորումներով, այն տարածված է հասարակության առավել լայն շրջանակներում, ուստի դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ է ողջ հասարակության աջակցությունը և ժխտողականության համընդհանուր մթնոլորտի ձևավորումը»,- ընդգծեց ՔԿԾ պետը:

 

Գոյունյանը քրեական ենթամշակույթի տարածումը նուրբ հարց է համարում: Ըստ նրա` այն ունի խորքային բազմաթիվ պատճառներ և նպաստող պայմաններ, հետևապես պահանջում է հատուկ վերաբերմունք։ Նա քրեական ենթամշակույթի գաղափարախոսության գովազդմանն ակամայից նպաստելու մասով բերեց պարզագույն օրինակ.

«Մեր այսօրվա եթերը ողողված է ցածրարժեք, բարոյահոգեբանական չափանիշներով դաստիարակչական մոտիվացիայից բացարձակապես զուրկ, ֆիլմերով և սերիալներով, որոնք, ըստ էության, բռնության, նույն քրեական ենթամշակույթի, այսպես կոչված, գողական կյանքի ուղիղ քարոզ են և ուրիշ ոչինչ։ Մինչդեռ ցանկալի կլիներ, որ եթերից հեռարձակվեին երիտասարդությանը և երեխաներին վեհ գաղափարներով մոտիվացնող նյութեր։    

Բնականաբար այդ պայքարը պետք է տարվի շատ ու շատ ոլորտներում և կրի կոմբինացված բնույթ, ուստի այն պահանջում է նաև արդյունավետ միջոցների և զուգակցված համալիր գործողությունների կիրառում բոլոր պատկան մարմինների կողմից, ինչը և մենք ներկայումս իրագործում ենք մեր իրավասության սահմաններում բացատրական-կանխարգելիչ և քրեաիրավական ներգործության ողջ գործիքակազմերի կիրառմամբ»:

ՔԿՀ-ներում պահվող քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են տեղեկատվական բազաներ և մշակել գործողությունների ծրագիր, որը ներառում է մի շարք ինչպես իրավակազմակերպական, այնպես էլ աշխատակարգային միջոցառումներ:

«Նախատեսվել է քրեակատարողական հիմնարկներում խիստ վերահսկողություն սահմանել և վերջնականորեն բացառել խցերի դռները բաց թողնելու, կալանավորված անձանց և դատապարտյալների անօրինական տեղաշարժի, ինչպես նաև ներքին կանոնակարգի պահանջների խախտմամբ ցանկացած որևէ արտոնություն տալու և (կամ) ձեռք բերելու դեպքերը, հիմնարկների տարածքում քրեական ենթամշակույթի գաղափարախոսության տարածմանը նպաստող իրերի, առարկաների և ցանկացած այլ նյութական դրսևորումների առկայությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում մոլախաղերի կազմակերպման ու անցկացման դեպքերը, դրամական միջոցների հավաքագրումը և նախկինից արմատավորված այլ արատավոր երևույթները։

Այդ ամենին զուգահեռ՝ պարբերաբար իրականացվում են նաև հիմնարկների հերթափոխերի և հերթապահ խմբերի անձնակազմերի փոխատեղումներ, խախտման յուրաքանչյուր դեպքով քննության առարկա է դարձվում նաև հենց հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու հանգամանքը»,- հավելեց Գոյունյանը:

Հիմնարկներում տիրող իրավիճակն ստուգելու նպատակով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների կողմից պարբերաբար, օրվա տարբեր ժամերի չնախատեսված (հանկարծակի) այցեր և ստուգայցեր են կատարվում հիմնարկներ, իրականացվում են այլ ստուգողական գործողություններ։

«Կանխարգելիչ վերոհիշյալ միջոցառումներն արդեն տվել են որոշակի դրական արդյունք, բարձրացրել քրեակատարողական ծառայողների և աշխատակիցների զգոնությունն ու կարգապահությունը, միաժամանակ զսպել որոշ դատապարտյալների և կալանավորված անձանց հանցավոր նկրտումները»,- եզրափակեց Գոյունյանը:

  • Կիսվել: