երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Սահմանադրության մեջ պետք է փոփոխություն կատարել ու թույլ տալ, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները զենք կրեն․ Վահան Բադասյան

Սահմանադրության մեջ պետք է փոփոխություն կատարել ու թույլ տալ, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները զենք կրեն․ Վահան Բադասյան

Մարտական խաչի ասպետ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի կարծիքով, Հայաստանի Զինված ուժերում առաջնային շատ ավելի կարևոր հարցեր կան լուծելու, քան աշխարհազոր ստեղծելու, աշխարհազորայիններ հավաքագրելու մասին նախագիծն է։
 
Հիշեցնենք՝ օրերս Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որի համաձայն, սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
 
«Դրա մեջ վատ բան չկա, բայց բանակի հզորացման համար կարելի էր առաջին հերթին այլ, ավելի կարևոր խնդիրներ լուծել, քան աշխարհազորայինի հարցն է», - InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Վահան Բադասյանը։
 
Նրա խոսքով, Հայաստանի Զինված ուժերում սպայական կազմին տանջող շատ խնդիրներ կան, ինչի պատճառով երիտասարդները հիմնականում չեն ցանկանում ծառայությունը շարունակել որպես սպա։
 
«Ինչո՞ւ մեր երիտասարդները չեն ուզում դառնալ սպա, նրանք ոչ թե վախենում են, որ պատերազմի վտանգ կա, այլ սպայի վիճակը վատ է՝ միջանձնային հարաբերություններ ճշտող կառույցները բանակում այնքան շատ են ու բազմազան, որ ջլատում են բանակը՝ Ռազմական ոստիկանություն, քննչական, զինդատախազություն, քրեական հետախուզություն, հակահետախուզություն, զինդատարան և այլն։ Այս բոլորը ստեղծված է սպային դատելու համար, և սպաները դատվում են։ Գնացեք զորամասեր, ուսումնասիրեք, յուրաքանչյուր 10 սպայից 8-ը դատվելու վտանգի տակ է։ Ինչո՞ւ պետք է նման պայմաններում գան, ծառայեն», - բացատրեց Բադասյանը։
 
Ինչ վերաբերում է սպաների ֆինանսական դրությանը, ճիշտ է, նրա խոսքով, Հայաստանի նոր իշխանությունների նախաձեռնած բարեփոխումների արդյունքում սպաների աշխատավարձերը բարձրացել են, բայց դրանք զգալիորեն զիջում են օրինակ՝ դատախազների կամ նույնիսկ նրանց օգնականների աշխատավարձերին։
 
«Այս առաջնահերթ խնդրին պետք է պաշտպանության նախարարությունը ուշադրություն դարձնի, քանի որ սպայի և հոգեբանական, և ֆինանսական վիճակից է կախված բանակում ամեն ինչ: Հիմա մենք պետք է հիմքը կառուցենք, իսկ բանակում հիմքը սպայական կազմն է», - նշեց Բադասյանը։
 
Մյուս խնդիրը, որը մատնանշում է Մարտական խաչի ասպետը, բանակում կատարված հանցագործությունների համար խիստ պատժաչափն է, և նա առաջարկում է դրանք հավասարեցնել քաղաքացիական կյանքում սահմանված պատժաչափերին։
 
«Եթե բանակում օրինակ երկու զինվորականի միջև վեճ է առաջանում, հարվածում են միմյանց ու վնասվածք չի ստանում տուժողը ու չի բողոքում, ուզում է հաշտվել, ապա քրեական հետապնդումը չի դադարեցվում, իսկ քաղաքացիական կյանքում միանգամայն այլ կանոններ են՝ եթե նման բան լինում է, և տուժողը չի բողոքում, քրեական գործը կարճվում է, հաշտվում են։ Բացի այդ, բանակում, եթե նման դեպքերում նախատեսված է 3-5 տարի ազատազրկում, ապա քաղաքացիական կյանքում նախատեսված է տուգանք։ Այսինքն՝ մեկը մյուսին ապտակելու համար մարդու կյանքը խորտակվում է», - նշեց Վահան Բադասյանը՝ նկատելով, որ բանակում պատիժը պետք է համարժեք լինի արարքին։
 
Ինչ վերաբերում է աշխարհազորին, ապա Բադասյանի կարծիքով, զենքը պետք է տալ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք նույնպես առաջնագծի պահապաններ են։
 
«Ոչ թե աշխարհազոր է պետք, այլ նաև պետք է սահմանային գյուղերում քաղաքացիներին սահմանադրորեն զենք կրելու իրավունք տալ։ Այսինքն՝ Սահմանադրության մեջ պետք է փոփոխություն կատարել ու թույլ տալ, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները զենք կրեն, ինչպես ԱՄՆ-ում է։ Պատկերացնո՞ւմ եք, եթե հակառակորդը ճեղքում է պաշտպանությունը, հասնում է բնակավայր։ Մարդիկ կարող էին դառնալ աշխարհազոր ու ոչ թե կանոնավոր, այլ անկանոն ձևով պաշտպանվել և խոցել հակառակորդին։ Դա վտանգ է հակառակորդի համար», -նշեց Բադասյանը։

  • Կիսվել: