շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փաստարկները խիստ արհեստական բնույթ էին կրում․ Բադասյանը՝ չորս քաղաքական ուժերի՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումների մասին (տեսանյութ)

Փաստարկները խիստ արհեստական բնույթ էին կրում․ Բադասյանը՝ չորս քաղաքական ուժերի՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումների մասին (տեսանյութ)

Այսօր Հանրային ալիքի եթերում արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է չորս քաղաքական ուժերի՝ ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու՝ ՍԴ դիմումներին և նրանց պնդումներին, թե իշխանությունը վարչական ռեսուրս է չարաշահել։

Բադասյանը նշել է, որ դիմումատուներից մեկը վարչական ռեսուրսի չարաշահման մասով դիմել է Վարչական դատարան, և վերջինս փաստարկների 90 տոկոսը չէր ընդունել, միայն մեկ դրվագով արձանագրել էր, որ կրթական հաստատության աշխատակիցը և մարզպետարանի աշխատակիցը որոշակի քաղաքական զսպվածություն պետք է ցուցաբերեր, ինչը տեղի չէր ունեցել, և այդ մասով արձանագրել էր քարոզչությանը մասնակցելու կանոնի խախտում։ 

Խոսելով ընդդիմության մյուս դիտարկումների մասին, մասնավորապես՝ թե նախընտրական խոսքի ճնշում է եղել ընտրողների ազատ կամարտահայտության վրա, իշխող թիմի ղեկավարը, պատգամավորական թեկնածուն արել են արտահայտություն, որը կաշկանդել է ընտրողների կամքը՝ Բադասյանն ասել է․ ՛՛Խոսել այն մասին, որ քաղաքական առաջնորդի խոսքը, որը խոսքի ազատության շրջանակներում, մանավանդ՝ նախընտրական քարոզչության շրջանում կարող է ունենալ շատ սուր արտահայտում, և ասել, թե դա ապօրինի ներգործություն է ընտրողի կամքի վրա, և ընտրողը կարող է ճնշված կատարել այս կամ այն ընտրությունը, անհիմն փաստարկ է՛՛։

Նա անդրրադարձել է ընդդիմության ևս մեկ պնդման, այն է՝ ապրիլի 25-ի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ մնալ վարչապետի պաշտոնակատար, քանի որ դա ևս վարչական ռեսուրսի չարաշահում է: Այս առնչությամբ Բադասյանն ասել է. ՛՛Միշտ, բոլոր դեպքերում ընտրության ժամանակ երկիրը չի կարող մնալ առանց իշխանության, այլ հարց է՝ ինչ դրսևորում պետք է ունենա իշխանության գործառույթի իրականացումն ու նախընտրական քարոզչությունը։

Այդ հարցը ընտրության վեճի արդյուքների վիճարկման տեսանկյունից ընդհանրապես չպետք է քննարկման առարկա դառնար։ Այդ տեսակ փաստարկների բերումը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ բուն ընտրության արդյունքների հետ կապված որևէ խնդիր առկա չէ: Զուգահեռ իրականության ստեղծումը չափազանց բացասական երևույթ է հենց այն ուժերի համար, որոնք այդ զուգահեռ իրականությունը փորձում են ստեղծել՛՛։

Նշենք, որ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ընդդիմության՝ ԿԸՀ-ի վերաբերյալ գնահատակններին, թե հին ԿԸՀ-ն է, որին գործող իշխանությունը բացասական գնահատական է տվել իշխանության չեղած ժամանակ: Բադասյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Տպավորթյուն էր, որ փորձում էին արձանագրումներ կատարել այնպիսի հանգամանքների շուրջ, որոնք բուն ընտրության արդյունքների հետ կապ չունեն։ Հարց է հնչում՝ վստահու՞մ եք ԿԸՀ-ին․ որքանո՞վ է լուրջ մասնակցել մի պրոցեսի, եթե չես վստահում ԿԸՀ-ին, այդ դեպքում ինչու՞ էիր մասնակցում, ինչո՞ւ էր կուսակցությունը գրանցվում, որ մասնակցի մի ընտրությունների, որոնք ինքը համարում է ոչ լեգիտիմ՛՛։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահին ՍԴ հրավիրելու առաջարկին ու հարցին՝ ինչու է նա ընտրության օրը նշանակել Փաշինյանի՝ նախապես հայտարարած հունիսի 20-ը, ապա այս մասին Բադասյանը նշել է. ՛՛Ի՞նչն է արգելում դերակատարներին հավաքվել կլոր սեղանի շուրջ և պայմանավորվել, որ ընտրությունը պետք է լինի տվյալ օրը, այն կանխատեսելի պետք է լինի բոլորի համար։

Նախագահը կաշկանդված չէր որոշել այն օրը, որը թույլատրելի է Սահմանադրության տեսանկյունից, այսինքն՝ որևէ կաշկանդվածության մասին դատողություն անելն ուղղակի սխալ է։ Մեզ համար հասկանալի չեն փաստարկները, որովհետև դրանք, մեր որակմամբ, խիստ արհեստական բնույթ էին կրում՛՛։

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ընտրությւուններից առաջ իշխանությունը գերթե բոլոր դեպքերում պարտվում էր դատարաններում, օրինակ՝ բռնության կոչ անողներին դատարանը բաց էր թողնում, իսկ այժմ, կարծես թե, հակառակն է, օրինակ՝ Սյունիքի համայնքապետերի դեպքում դատարանները սկսել են բավարարել իշխանության պահանջները, Բադասյանն արձագանքել է, թե հիմա էլ են տեսնում կալանքների մերժումներ։

Նա նշել է. ՛՛Կարծում եմ՝ այն իրադարձությունները, որոնց ականատես եղանք դատական համակարգում՝ նոյեմբերի 9-10-ի իրադարձություններից անմիջապես հետո, որոշակի քաղաքական ազդեցության արդյունքում էին, և շատ ցավալի է նման արձանագրում անելը, որովհետև քրեական գործի դատական քննությունը պետք է իրականացվի օբյեկտիվ, և եթե որևէ պարագայում քաղաքական ազդեցությունները քրեական արդարադատության վրա ունեցան ազդեցություն, դա շատ վատ արձանագրում է տվյալ պետության համար՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: