երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ոստիկանությունը ծառայության տարբեր ձևեր ունի, ձևերից մեկը գաղտնի կամ ծածուկ ծառայությունն է. Արմեն Խաչատրյան

Ոստիկանությունը ծառայության տարբեր ձևեր ունի, ձևերից մեկը գաղտնի կամ ծածուկ ծառայությունն է. Արմեն Խաչատրյան

Խորհրդարանը շարունակում է քննարկել Կառավարության ներկայացրած՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի մտահոգություններին՝  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ևս մեկ անգամ պարզաբանեց՝ ոստիկանությունը ծառայության տարբեր ձևեր ունի, այդ ձևերից մեկը գաղտնի կամ ծածուկ ծառայությունն է՝ բացահայտ և գաղտնի:

«Օպերատիվ ծառայողները իրականացնում են իրենց ծառայությունները հիմնականում ծածուկ եղանակով, և եթե օպերատիվ ծառայողը կրի ինչ-որ տարբերանշան կամ ինչ-որ տեղ նշի, որ ինքը օպերատիվ ծառայող է, ծիծաղելի կդառնա, և այդ օպերատիվությունը, գաղտնիությունը կբացահայտվի»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կան օպերատվ ծառայողներ, որոնց արգելվում է ընդհանրապես որևէ տեղ ներկայանալ, նույնիսկ բանկերում, տեղեկանք տանել, նույնիսկ եթե ոստիկանն է կանգնեցնում, նույնիսկ եթե ձերբակալվում են, իրավունք չունեն ներկայանալու:

«Բնական է` ռիսկային այդ տարածքում, որտեղ հազարավոր մարդիկ են, վաղը, եթե մի դեպք լինի հանցագործության, ասելու եք՝ բա ուր էր ոստիկանությունը, ուր էին մեր օպերները: Մեղադրելու եք մեզ: Դրա համար օպերատիվ ծառայողն իրականացնում է իր ծառայությունը, և երբ օպերատիվ ծառայողը կդիմի վարչարարության, ինչ-որ հրահանգներ կտա, գործողություններ կանի, այդ ժամանակ նա արդեն ներկայանում է որպես աշխատակից, ներկայացնում է համապատասխան վկայական կամ ժետոն և այլ միջոցներ: Բայց եթե ծառայություն է իրականացնում, հավաքագրում, վերլուծում օպերատիվ իրավիճակը, այդ ժամանակ նա չի ներկայանում»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Մինասյանի հայտարարությանը, թե ոստիկանության գվարդիան խոշտանգում է ժողովրդին, Արմեն Խաչատրյանը հարց տվեց՝ պատկերացնո՞ւմ եք՝ եվրոպական ամենազարգացած երկրներում ցուցարարները այնպիսի վարք ցուցաբերեն, ինչպիսին մեզանում է, ինչպիսին կլինի ոստիկանության արձագանքը:

«Երբ ոստիկանությունը սպառում է հնարավոր բոլոր միջոցները հասարակական կարգը վերականգնելու կամ ապահովելու համար, երբ նրա հրահանգները արդեն չեն կատարվում, պարտավոր է դիմել ուժին, և այդ ուժը իրավաչափ է, օրենքով նախատեսված է»,- նշեց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է հայրենիքի պատշտպանությանը՝ ընդգծեց՝ բազմաթիվ ոստիկաններ իրենց կյանքը տվել են հայրենիքի պաշտպանության գործին, մասնակցել բոլոր պատերազմներին, և հենց ոստիկաններն են եղել առաջին զոհերը:

«Այս օրենքում նորմ կա, պարո՛ն Մինասյան, եթե ուսումնասիրեիք, որտեղ ռազմական դրության ժամանակ նախատեսվում է նաև այդ խնդիրը»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ Մինասյանը հայտարարել էր, թե ոստիկանությունը չհիմնավորված կերպով, մասսայականորեն միջամտում է խաղաղ հավաքների անցկացմանը, նաև խոսել հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության ծառայողների կողմից համազգեստ և տարբերանշան կրելու դեպքերի մասին, պնդել, թե այդ նորմը նույնպես խախտվում է:

  • Կիսվել: