ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Նշանակել ընտրության 2-րդ փուլ, կամ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ. Վարդևանյան

Նշանակել ընտրության 2-րդ փուլ, կամ ապահովել մանդատների բաշխման նոր կարգ. Վարդևանյան

«Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարանում պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր կան՝ առաջարկելով կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ, կամ մանդատների բաշխման նոր կարգ: Այս մասին ՍԴ նիստում ասաց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Հայաստան» դաշինքն ակնկալում է, որ ՍԴ-ն կկայացնի 3 որոշումներից մեկը, կամ անվավեր կճանաչի ընտրության արդյունքներն առհասարակ, կամ անվավեր կճանաչի և կնշանակի ընտրության երկրորդ փուլ, կամ կսահմանի մանդատների բաշխման կարգ։

Դատավոր Արևիկ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք արձանագրվել են «Հայաստան» դաշինքի վստահված անձանց  գործունեությունը խոչընդոտելու դեպքեր:

«Վստահված անձին ընտրությունների ընթացքում՝ մինչև 20:00-ն բերման էին ենթարկել ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ ստանալու համար: Դեպքեր են եղել, երբ վստահված անձը ինչ-որ հայտարարություն է կատարել, նրան մոտեցել և հրավիրել են ոստիկանության բաժին, որն էլ մերժել է: Վստահված անձը պետք է լինի ընտրական տեղամասում, այլ ոչ թե ոստիկանության բաժանմունքում պարզաբանումներ տալու: Բայց ասել, որ դա էական, շատ մեծ ծավալի է եղել, ոչ»,-ասաց Վարդևանյանը:

Նրա խոսքով, եթե քաղաքական ուժերից մեկն ունենում է նման ծավալի ներկայացվածություն ԱԺ-ում, մենք ունենում ենք մեղմ ասած ժողովրդավարության խնդիր: 

«Ինչ պատկեր ունենք այսօր, քաղական ուժը ստանում է 53 տոկոս հանրության վստահություն, դրա դիմաց ստանում է 71 մանդատ, որը մեկ մանդատով  պակաս է ԱԺ-ում 2/3-րդի  բավարար ներկայացվածություն ունենալու համար: Ի դեպ, եթե համեմատություն ենք անցկացնում 2018 թվականին այդ պատկերն էր, եւ 3 տարի անց փաստացի ըստ արդյունքների, մեր մտահոգությունները հաշվի չեն առնվել եւ 200 հազարի հասնող ձայն է ստանում, բայց տարբերությունը իր ԱԺ-ում ներկայացվածության մեկ մանդատ է: Սա լինում է ընտրական օրենսգրքի համապատասխան բանաձեւի իրացման արդյունքում։

Բայց այստեղ մեկ հարց է առաջանում, եթե ուժերից մեկն ունենում է նման ծավալի ներկայացվածություն ԱԺ-ում, մենք ունենում ենք մեղմ ասած ժողովրդավարության խնդիր: Բնական է, որ խորհրդարանական կառավարման համակարգում  ԱԺ, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, գրեթե միաձուլվում են, որովհետեւ ԱԺ հիմնական հաղթած խմբակցությունը փաստացի վարչապետ նշանակելու առաջարկություն է ներկայացնելու: Սահմանադրությունը հենց դա էլ պահանջում է ընտրական գործընթացից, որ լինի կայունություն կառավարության ձեւավորման համար»,-ասաց նա:

 

  • Կիսվել: