երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպանները չեն մասնակցելու դատական նիստերին

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպանները չեն մասնակցելու դատական նիստերին

Սեպտեմբերի 8-ից Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբանները չեն մասնակցելու գործով դատական նիստերին: Այս մասին այսօր հայտարարեց փաստաբաններից Տիգրան Եգորյանը:

«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը»,- նշեց փաստաբանը՝ ընթերցելով փաստաբանների հայտարարությունը։

Տիգրան Եգորյանի խոսքով՝ այն գործընթացը, որը սկսվել է 2018-ին, կանգ է առել կամ ընդհատվել է։ «Խոսքն իրավական դաշտի մասին է, որը մեզ ձախողման է հասցրել, և եթե այս ամենը չկարգավորվի, շատ ցավալի է լինելու բոլորիս համար», ասաց  Տիգրան Եգորյանը։

Ըստ նրա՝ 2018 թվականից հետո սկսվեց Մարտի մեկի իրական քննություն, որը երևան բերեց շատ կարևոր հարցեր՝ պետական այրերը, պետական տարբեր օղակների միջոցով, խեղաթյուրել են Սահմանադրությունը։

«2018 թվականի իրադարձություններից հետո կարծես մեկնարկեցին գործընթացներ, որոնք պետք է լուծեին կոռումպացված և տարիներ շարունակ ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ ուղղված մի շարք խնդիրներ, այդ թվում ՝ դատական համակարգի խնդիրները։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ իշխանությունն անկարող է իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն։ Այդ անկարողությունը դրսևորում էր իրավական համակարգի խորքային համակարգված և հետևողական բարեփոխման իրական ծրագրի և դրա իրագործման բացակայությամբ, առանցքային պետական մարմինների վերակազմավորման և կամ կազմավորման, դրանց սահմանադրական և օրենսդրական առաքելությանը հավատարիմ գործունեության ապահովման ձախողմամբ, կադրային անբովանդակ քաղաքականությամբ, ինչպես լայն, այնպես էլ առանձին պաշտոնների մակարդակում՝ նեղ իմաստով»,- ընդգծեց Տիգրան Եգորյանը։

Ըստ նրա, 2018 թ․ հեղափոխությունից հետո «մարտի 1-ի» գործով վերջապես սկսվեց իրական քննություն, որը կարճ ժամանակում ի հայտ բերեց այն աներևակայելի պատկերը, որը 10 տարի շարունակ հետևողականորեն նկարագրվում և բացատրվում էր ինչպես իրավական գործընթացներում՝ ներպետական և վերպետական ատյաններում, այնպես էլ՝ քաղաքական գործընթացներում։

«Պարզվեց, որ պետությունը՝ պետական իշխանությանն ամբողջապես տիրած խմբերն ու անհատները կազմակերպված և հետևողականորեն պետական իշխանության տարբեր ճյուղերի ներգրավմամբ և դրանց իշխանության իրագործմամբ խեղաթյուրել են իրականությունը և խմբային շահերի սպասարկմանը ծառայեցրել մի ամբողջ ժողովրդի պատկանող իշխանությունն ու պետության ինքնիշխանությունը։ Պարզվեց, որ այդ նպատակի համար չի դրվել խտրություն միջոցների հարցում։ Այդ նպատակով խախտվում էր Սահմանադրությունը, խեղվում և սպանվում էին մարդիկ, խեղաթյուրվում էր ճշմարտությունն ու պատմությունը, կեղծվում էին փաստերը ու ապացույցները, դատապարտվում էին այլախոհները և հակառակորդները»,- ասաց նա։

Տիգրան Եգորյանը հայտնեց, որ 2008 թ․մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է շուրջ 113 անձ։ Խաղաղ հավաքների մասնակիցները դատապարտվում էին զանգվածային անկարգությունների կազմակերպման կամ մասնակցության համար։

«2018 թ․ hեղափոխությունից հետո միայն 15 գործով վերանայում և արդարացում է եղել, որոնցով վճռաբեկ բողոքները բերվել են գլխավոր դատախազության կողմից միայն 2019թ․։ Դրանից ի վեր դատախազությունը լուռ է։ Մարտի 1-ի իրադարձությունների խորքային իրավական և քաղաքական անդրադարձ, գնահատական և  հետևողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվում»,-  ընդգծեց նա։

  • Կիսվել: