Մարտի 1-ի իրադարձությունների բազմակողմանի գործընթաց չի իրականացվում. փաստաբան
2008թ․ Մարտի 1-ի իրադարձությունների խորքային իրավական և քաղաքական անդրադարձ, գնահատական և հետևողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։
Ըստ նրա՝ 2018 թվականից հետո սկսվեց Մարտի մեկի իրական քննություն, որը երևան բերեց շատ կարևոր հարցեր՝ պետական այրերը, պետական տարբեր օղակների միջոցով, խեղաթյուրել են Սահմանադրությունը։
«Ընկալման և գիտակցման բացը, արդյունավետ իրավական քաղաքականություն իրականացնելու կամքի բացակայությունը ավելի ակնբախ դարձավ երբ 2018-2019թթ․ ՄԻԵԴ-ը հրապարակեց 2008թ․ «Մարտի 1-ի» իրադարձությունների կապակցությամբ գործերով և մարդկանց բռնաբարված իրավունքներին վերաբերող այլ գործերով կարևորագույն վճիիռներ, որոնք մեծ հաշվով մնացին անհետևանք»,- ասաց նա։
Ըստ նրա, մեղադրանքի ներկայացումից ի վեր որևէ էական առաջընթաց չկա «Մարտի 1-ի» իրադարձությունների կապակցությամբ ապօրինի դատապարտված անձանց դատավճիռների վերանայման հարցում։
«Առնվազն 20 տարիների ընթացքում կոռուպցիայով, մարդու իրավունքների դեմ և հակաժողովրդավարական գործունեությամբ իրեն արատավորած դատական համակարգի այդ խարանը մաքրելու ուղղությամբ որևէ գործնական քայլ չկատարվեց և մսխվեցին 2018-2019թթ․ ՄԻԵԴ-ի վճիռները և դրանցով ընձեռնված հնարավորությունները։ Դեռ ավելին՝ օրենսդրական բարեփոխումների անվան տակ արգելափակվեց այդ վճիռների համար պատասխանատու դատական համակարգի առանձին օդիոզ դեմքերից ազատվելու հնարավորությունը։ Երբ «Մարտի 1-ի» գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք և ջանադրություն քրեական հետապնդումները համակարգված և հետևողականորեն իրականացնելու ուղղությամբ, առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից կամ նրանց «ընծայվում» էր հնարավորություն ազատվելու քրեական հետապնդումից»,- ասաց Տիգրան Եգորյանը։
Նա նաև նշեց, որ պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության փոխարեն շատ դեպքերում ի հայտ են գալիս հակազդման կամ սաբոտաժի դրսևորումներ, մինչ օրս որևէ կերպ չի դրսևորվում ոչ ոստիկանության, ոչ ԱԱԾ արդյունավետ համագործակցությունը «մարտի 1-ի» գործի քննության շրջանակներում, առանցքային ծառայողներ կարծես արդյունավետորեն խուսափում են ցուցմունքներ տալուց և այդ կապակցությամբ չկա որևէ արդյունավետ միջոց:
Ըստ փաստաբանի, «մարտի 1-ի» գործերն այն լակմուսի թուղթն ն են, որոնք հանդիսանալու են դատական և իրավական բարեփոխումների ցուցիչ և հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրական վիճակը, շարժման ուղղությունը։
«Այժմ, երբ մարտի 1-ի հիմնական գործով նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատարանի նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ, արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատարավորն իր իշխանությունը կարողանում է կարծես իրացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը: Մեր հետագա քայլերին կանդրադառնանք ըստ զարգացումների»,- ընդգծեց Տիգրան Եգորյանը։