«Ձեր ձայնը չբարձրացնեք», «դատարանը կարող է Ձեզ հեռացնել նիստերի դահլիճից». Հրայր Թովմասյանն ու դատավորը վիճեցին
Դուք ձեր ճառում կարող եք հղումներ կատարել այն փաստերի, այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ: Հիմա դուք 30 րոպե ներկայացնում եք նախորդ երկու դատական նիստերում ձեր հայտնած ճառում մեջբերված հանգամանքները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, դատարանում դիմելով ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին, ասաց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:
Նա ընդգծեց. «Չնայած դատարանը ձեզ պարզաբանել էր, որ իրավունք չունեք մամուլի հաղորդագրությունների վրա հիմնվել, բայց պատրաստվում եք դրանք հրապարակել: Դատարանը ձեզ կրկին անգամ պարզաբանում է, որ դուք ձեր դատավարական իրավունքից ամբաստանյալի կարգավիճակից բխող, պետք է օգտվեք բարեխղճորեն: Դատարանը կարող է գնահատել ձեր վարքագիծը որպես իրավունքի չարաշահում, եթե շարունակեք կրկնել նույն հանգամանքները, կամ շարունակեք մեջբերել այնպիսի հանգամանքներ, որոնք քննության առարկա չեն եղել: Դատարանը ստիպված է լինելու ձեզ ընդհատել, արձանագրել իրավունքի չարաշահում, պարզապես սահմանափակել ձեր ելույթ ունենալու իրավունքը»:
Դատավորը հիշեցրեց, որ դեռ այս տարվա օգոստոսի 25-ի դատական նիստում դատարանը պարզաբանել է, որ պաշտպանության կողմի վարքագիծը ամեն կերպ միտված է դատական քննությունը ձգձգելուն եւ նշանակված 132 դատական նիստերից միայն 73-ը չեն կայացել պաշտպանության կողմի վարքագծով պայմանավորված, դրանից հետո պաշտպանության կողմը կարծես թե, մեկ այլ մարտավարություն մշակեց, պատշաճ մասնակցում են նիստերին, բայց ճառով հանդես գալու իրավունքի իրացման քողի ներքո շարունակում են չարաշահել իրենց դատավարական իրավունքները:
«Դրա վառ վկայությունն է նաեւ այն, որ դատարանը մի քանի անգամ պարոն Օրբելյանին հորդորեց, որ չներկայացնի ճառում այն միջնորդությունները, որոնք դատարանը քննության առարկա է դարձրել եւ դրանց լուծումը հետաձգել է: Մի քանի հորդորներից հետո պարոն Օրբելյանը շարունակեց դրանք ներկայացնել, և դատարանը սահմանափակեց նրա ճառով հանդես գալու իրավունքը: հետեւաբար, դատարանի մոտ այնպիսի տպավորություն է, որ այսուհետ պաշտպանության կողմի՝ դատաքննություն ձգձգելուն միտված վարքագիծը արդեն տեղի է ունենոլւ այլ ենթատեքստով, այլ կողմից: Մասնավորապես, դուք անընդհատ կրկնում եք նույն հանգամանքները, հրապարկում եք այնպիսի փաստաթղթեր, որոնք քննության առարկա չեն դարձվել: Ըստ էության, ձեր վարքագիծը վկայում է, որ դուք շարունակում եք ձեր մարտվարությունը՝ ուղղված դատաքննությունը անհարկի ձգձգելուն եւ գործի ողջամիտ ժամկետները խախտելուն:
Հետեւաբար, դատարանը ձեզ եւս մեկ անգամ հորդորում է, առաջարկում է ամբաստանյալի դատավարական կարգավիճակից բխող ձեր դատավարական իրավունքներն իրացնել բարեխղճորեն, հակառակ պարագայում դատարանը ստիպված է լինելու կիրառել համապատասխան դատավարական գործիքակազմ: