երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վարչապետը չպետք է նման հայտարարություն աներ՝ եթե արտագաղթ կա, ի՞նչ ՀՆԱ-ի աճ. Վարդան Բոստանջյան

Վարչապետը չպետք է նման հայտարարություն աներ՝ եթե արտագաղթ կա, ի՞նչ ՀՆԱ-ի աճ. Վարդան Բոստանջյան

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ ՀՆԱ-ի ցուցանիշների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հիմնավոր, ստուգված հայտարարություն աներ, որպեսզի նման իրավիճակ չառաջանար, երբ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն է արձագանքում։

«Այդպիսի հայտարարությունները հատկապես գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով պետք է արվեն բացառապես մասնագիտական շրջանակների կողմից հավաստիացում ստանալու պարագայում», InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Հիշեցնենք՝ հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի առումով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: Վարչապետը սա ասելիս վկայակոչել էր Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները, որոնց համաձայն, 2019 թվականի տվյալներով ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4,527 դոլար, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ 4,289:Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել էր Փաշինյանին՝ նշելով, որ դա սխալ գնահատական է տարրական մեթոդոլոգիական հարցեր հաշվի առնված չեն։

«Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ: Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդոլոգիայով, սակայն սա տեղի է ունեցել ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալները արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում: Հավատացեք, որ այս բարձր տնտեսական աճի պայմաններում, մեր գնահատմամբ, ՀՆԱ-ն մեկ շնչին Վրաստանում կհասնի 4, 700 դոլարի: Հետևաբար, ԱՄՀ-ի հաջորդ ամփոփման մեջ այս ամենը կարտացոլվի»,- հայտարարելէր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը:

Բոստանջյանի պնդմամբ, վարչապետը չպետք է գնար այդ քայլին և «մանիպուլյացիոն հայտարարություններ չաներ»։

«Նա ուզեց ասի, որ մենք լավն ենք, բայց եթե լավն եք, ինչո՞ւ են հայաստանցիների մի ստվար զանգված Ամանորը նշում Թբիլիսիում։ Դա բարձրաձայնելու մի բան չէր, էն էլ ում կողմից, վարչապետի», -նշեց Բոստանջյանը։

Նա համոզված է՝ միջազգային ֆինասնական կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը «բստրում են» մեթոդոլոգիաներ՝ «ցուցաբերելով մանիպուլյացիոն մոտեցումներ կախված նրանից, թե որ երկրում ինչ քաղաքականություն են վարում»։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե նոր մեթոդոլոգիայի կիրառման արդյունքում Վրաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի ցուցնաիշով կհասնի 4700 ԱՄն դոլարի, մեր հարցին, թե այդ դեպքում որքա՞ն կկազմի Հայաստանի ՀՆԱ-ն, Բոստանջյանը պատասխանեց.

«Հայաստանի ՀՆԱ-ն հետ կընկնի, մեզ մոտ արտագաղթը մեծացել է 12 հազարով անցյալ տարվա ընթացքում, նոր աշխատատեղեր չեն բացվել։ Ճիշտ է՝ հայտարարում են, թե նոր աշխատատեղեր են հայտնվել, բայց այդպես չէ, քաղաքացին ունի խնդիրներ, չի զգում առաջընթաց, աղքատության մակարդակը դեռևս մնում է բարձր Հայաստանի Հանրապետությունում, 2020-ին 700 ապրանքների գծով, հատկապես առաջնային օգտագործման, թանկացումներ են սպասվում։ ՈՒ այս պարագայում նման հայտարարություն անել...սա էն դեպքն է, երբ ասում են՝ հալվա, հալվա ասելով բերանները չի քաղցրանում։

Նա հստակեցրեց՝ նոր մեթոդոլոգիայի կիրառմամբ ոչ թե հետ կընկնի Հայաստանը Վրաստանից այլ հենց այս պահին էլ Հայաստանը հետ է մնում Վրաստանից։

«Վարչապետին պետք է տեղյակ պահեին, որ պետք չէ նման հայտարարություն անել։ Մենք կարող ենք հպարտ քաղաքացիներին բացատրել, որ ՀՆԱ-ի ցուցանիշը կարող է աճել արտագաղթի բացակայության, աշխատատեղերի ու բնակչության աճի դեպքում։ Եթե մեզ մոտ արտագաղթը կա, ի՞նչ ՀՆԱ-ի աճ»,-հավելեց Բոստանջյանը

  • Կիսվել: