շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը դժվար թե ունենա սահմանադրական խնդիր. Հովհաննիսյան

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը դժվար թե ունենա սահմանադրական խնդիր. Հովհաննիսյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն ուղարկվել է Սահմանադրական դատարան, որից հետո  կգնա Ազգային ժողով՝ վավերացման։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Մենք դեռ ժամանակ կունենանք բավականին մանրամասն քննարկելու այս գործընթացը։ Կանոնակարգն, ըստ էության, հիմնականում տեխնիկական լուծումների մասին է։ Մենք կարող ենք արձանագրել, որ դժվար թե գործ ունենանք սահմանադրական խնդրի հետ՝ չնայած հարցը Սահմանադրական դատարանի դաշտում է։ Սպասենք, թե ինչ եզրակացություն կտա ՍԴ-ն»,-նշեց Հովհաննիսյանը։

Հարցին, թե՞ ինչու Կիրանցում սահմազատման գործընթացից հետո նոր կանոնակարգը ստորագրվեց, Արթուր Հովհաննիսյանը նախ խնդրեց վերհիշել համատեքստը, թե ինչպես Տավուշի մարզում սկսվեց սահմանազատումը։  

«Արձանագրելով, որ Տավուշում սահմանազատման գործընթացը Հայաստանի Հանրապետության ձեռքբերումն էր, որովհետև այն գյուղերը, որոնք շարունակում էին մնալ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, բայց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, պատերազմի համար հրձիգ էին և միակ լեգիտիմ հնարավորությունը Ադրբեջանի համար Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելու։ Եվ, ըստ էության, սահմանները վերջանականապես գծելով՝ մենք ունենք հստակ սահման, որից գոհ են կիրանցեցիները, բաղանիսցիները, ոսկեպարցիները։ Եվ այստեղ մենք խնդիր չունենք։ Եվ սահմանազատման կանոնակարգն ու աշխատակարգը ձևավորվել է հենց այս գործընթացում և ընդգծվել է Ալմաթայի հռչակագիրը, որով էլ հենց Կիրանցում տեղի է ունեցել սահմանազատում։ Կարող ենք արձանագրել, որ Կիրանցում սահմանազատումը նախադեպ էր, որի հիման վրա ստեղծեցինք աշխատակարգը և դրա հիման վրա այն տարածելու ենք սահմանի ողջ երկայնքով»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

 

  • Կիսվել: