Պետք է ապօրինի ազդարարել Մոսկվայի պայմանագրի՝ ՀՀ-ին և հայ ժողովրդին վերաբերող կետերը
Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը պարտավոր են ապօրինի ազդարարել Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը: Այս մասին հայտարարություն են տարածել հայաստանյան 7 կուսակցություններ:
Հայտարարությունը՝ ստորև․
«Միջազգայնորեն չճանաչված բոլշևիկյան Ռուսաստանի և միջազգայնորեն չճանաչված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության ռուս-թուրքական պայմանագիրն ապօրինի է, քանի որ կնքվել է երրորդ՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքների և այնտեղ հազարամյակներ շարունակ բնակվող ժողովրդի մասին՝ առանց հայկական կողմի մասնակցության: «Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության պայմանագիր» կոչվող այդ փաստաթղթի հիման վրա շարունակվեց հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ առ այսօր բռնազավթված պահելով միջազգայնորեն ճանաչված Հայաստանի՝ ռուսների կողմից թուրքերին զիջված Կարսի մարզում, Սուրմալուի գավառում և հարակից այլ տարածքներում, իսկ Հայաստանից խլված և Ադրբեջանին հանձնված Նախիջևանի գավառում ցեղասպանությունն իրականացվեց լիովին հայաթափմամբ:
Միջազգային իրավունքի վերականգնման նպատակով Հայաստանը, ի դեմս իր Կառավարության և Խորհրդարանի, պարտավոր է՝
Ա. Իր օրենսդրությամբ նախատեսված կարգով ապօրինի ազդարարել Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը, ինչպես նաև այդ պայմանագրի հիման վրա կնքված կրկնակի ապօրինի Կարսի պայմանագիրը։
Գ. Պաշտոնապես դիմել Միջազգային դատարան՝ միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատական տալու այդ պայմանագրերին,
Դ. Պաշտոնապես դիմել 1918-1920 թթ.: Հայաստանի Հանրապետության դաշնակից Անտանտի երկրների և ԱՄՆ-ի կառավարություններին՝ հորդորելով իրենց իսկ կողմից Չարիքի կայսրություն որակված ԽՍՀՄ-ի ոչնչացումից հետո դադարեցնել այդ կայսրության ապօրինությունների (Մոսկվայի և Կարսի պայմանագրեր, Արցախի հարցում՝ Կավբյուրոյի որոշում) ճանաչումը, ինչպես նաև որպես միջնորդ հանդես գալ ռուս-թուրքական ապօրինությունն ու դրա հետևանքները վերացնելու հարցում:
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ /«Ազգային ինքնորոշում» միավորում
ԱԼԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ /Եվրոպական կուսակցություն
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն
ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն