Փաշինյանը խորհրդարանում փակ հանդիպում է անցկացնում ՔՊ-ի հետ (տեսանյութ)
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Հանդիպմանը մասնակցում են նաև կառավարության անդամներ, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը:
Իշխանական պատգամավորները «Ազատության» հետ զրույցում հանդիպման օրակարգից մանրամասներ գրեթե չհայտնեցին։ Շատ ընդհանրական միայն նշեցին՝ քննարկելու են հարցերի լայն շրջանակ։
Երեկ խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է մտածի Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին։
«Ազատությունը» ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք նման քննարկում ԵՄ-ի հետ:
«Մենք Եվրամիության հետ ունենք խորացող օրակարգ, ունենք և մի շարք տարաբնույթ հարցեր կարող ենք քննարկել։ Որևէ հարց չեմ կարող բացառել»,-պատասխանեց Խանդանյանը։