շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Պահանջում եմ, որ նախագահն ասի՝ Փաշինյանը համաձայնվե՞լ էր այդ հանդիպմանը․ Իշխան Սաղաթելյան

Պահանջում եմ, որ նախագահն ասի՝ Փաշինյանը համաձայնվե՞լ էր այդ հանդիպմանը․ Իշխան Սաղաթելյան

Շատ շուտ է ընտրություններին մասնակցելու վերաբերյալ խոսել։ Նախ պետք է վարչապետը հրաժարական տա, խորհրդարանն արձակվի։ Երբ այս պրոցեսները տեղի կունենան, այն ժամանակ էլ մենք կհայտնենք մեր դիրքորոշումը։ Այս մասին այսօր նախագահականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ, իր համոզմամբ,  Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալ չի ուզում, պարզապես ձեւական օրակարգ է առաջ տանում՝ լուրջ հարցերից շեղելու համար։

«Ընտրություններ նշանակելու համար ինքը ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի օժանդակության կարիքը չունի։ Ինքը կարող է հենց վաղն էլ հրաժարական տալ, խորհրդարանն արձակվի, եւ ընտրություններ նշանակվեն, ինչո՞ւ չի անում սա, որովհետեւ չի ուզում, պարզապես մեզ շեղում է բուն օրակարգից։ Այսինքն՝ հիմա խոսել ընտրություններից, բուն օրակարգը թողնելով՝ համարում եմ անիմաստ։ Մենք չպետք է մտնենք իր օրակարգը։ Նախագահի վերջին նախաձեռնությամբ իրենք ուզում էին մեզ շեղել օրակարգից»,-ասաց Սաղաթելյանը։

Նա նաեւ հավելեց. «Նախագահի աշխատակազմը նախօրեին հայտարարեց, որ Հայրենիքի փրկության շարժումն ու ԲՀԿ-ն այլ օրակարգ են մեջ տեղ բերել եւ այդ հանդիպումը իրագործելի չէ, պահանջում եմ, որ նախագահը հստակ ասի՝ վարչապետի աթոռին նստած անձը համաձայնվե՞լ էր այդ հանդիպմանը, թե՞ ոչ։ Սա պետք է հստակ ֆիքսել, որ այն կողմից եւս դիրքորշում չի եղել, եւ սա հերթական շոուն էր, որ մենք ելքեր ենք փնտրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց իրենք ելքեր չեն փնտրում, իրենք ֆոտոներ, տեսարաններ են փնտրում, ինչպես արեցին Գենշտաբում, իսկ մենք այդ անբովանդակ, ձեւական քննարկումներին ներկա լինել չենք կարող»։

Հիշեցնենք, որ մարտի 9-ին, նախագահ Արմեն Սարգսյանը երկրում առկա իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով՝ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին այսօր՝ մարտի 13-ին ժ. 12:00-ին, նախագահական նստավայրում հրավիրել էր հանդիպման։

Նշենք նաեւ, որ մինչ Նիկոլ Փաշինյանի ու նախագահի հանդիպումը՝ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք փորձում էին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։ Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշոց սկսվեց այն բանից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ փորձեցին նախագահականի հետնամուտքը փակել, որպեսզի խոչընդոտեն Փաշինյանի շարասյան ելքը նախագահականից, սակայն Փաշինյանը շարասյունով արդեն նախագահական էր մտել:
!

  • Կիսվել: