երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Թե՛ 2018 և թե՛ 2021-ին ՀՀ հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ՝ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ. Փաշինյան

Թե՛ 2018 և թե՛ 2021-ին ՀՀ հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ՝ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ. Փաշինյան

Ինչպես ապագայի ու ապագա սերունդների, այնպես էլ այսօրվա ու այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքը պահանջում է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար Իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ: Այս մասին այսօր ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եվ այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետև ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը, Պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի Իրական Հայաստանի հոգեբանություն, և այդ նույն ճանապարհը հիմա անցնում ենք միասին:

Մենք անցնում ենք այդ ճանապարհը, և այդ ճանապարհի վերջում մեր Ավետյաց երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը, այն տարբերությամբ, որ մենք հիմա էլ այստեղ ենք, բայց շատ հաճախ չենք նկատում մեր Ավետյաց երկիրը, և այն չնկատելու բերումով ենք շարունակում Ավետյաց երկրի փնտրտուքը: Այսօր մեր երկիրը կատարյալ չէ, նաև այն պատճառով, որ Ավետյաց երկրում Ավետյաց երկրի մեր անվերջանալի փնտրտուքը մեզ թույլ չի տալիս կոնկրետանալ և ձևակերպել այն հարցի պատասխանը, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն-պետություն ենք ուզում կառուցել, և սահմանազատման գործընթացն այս հարցի պատասխանն է ձևակերպում սյուն առ սյուն:

Ու մենք միասին պետք է անցնենք այս ճանապարհը, որն այո՛, ուղեգորգով չի պատված, այլ անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց միակն է, որ հորիզոն ունի իր առաջ ու տանում է դեպի իրական Ավետյաց երկիր, Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն: Սա վճռորոշ ճանապարհ է. փիլիսոփաներից մեկն ասում է, որ լավագույնն այն ճանապարհն է, որ քեզ հասցնում է այնտեղ, որտեղ դու կաս: Այս ճանապարհը մեզ հասցնում է այնտեղ, որտեղ մենք կանք՝ Հայաստանի Հանրապետություն, և հնարավորություն է տալիս մեր իրականությանը նայել բոլորովին այլ դիտանկյունից: Եվ այդ, միայն այն դիտանկյունից է, որ երևում է ապագան և դեպի այդ ապագան գնալու երթուղին:

Այդ ճանապարհն ամբողջությամբ անցնելու երաշխիքը մեկն է. համաժողովրդական իմացություն և առաքելության համոզմունք քաղաքական առաջնորդության շրջանում:

Մեր քաղաքական թիմը և ես ապրում ենք այդ առաքելությամբ ու տեսնում ենք, որ սեղանին ենք դրել մի բանաձև, որը պիտի երաշխավորի Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ տարածքը և այդ տարածքը պարփակող սահմանները, ու մեր խնդիրն է ոչ միայն առաջնորդել, այլև մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոգևորել այդ տեսլականով ու բանաձևով, որովհետև սա մի բանաձև է, մի շարժում է, որ մեզ տանում է դեպի իրական անկախություն և ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն ու սահմանների անխախտելիություն: Սա բանաձև է, որ մեր տաղանդավոր ժողովրդին, բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, հնարավորություն է տալու կոնկրետացնել և վայելել սեփական աշխատանքի արդյունքը՝ ի դեմս ազատ, արդար, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի:

Ինչպե՞ս, քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ենք հասնելու այս նպատակին, մանրամասն ներկայացրել եմ ս/թ մայիսի 7-ի ասուլիսում, այլ ելույթներում ու այս ձևաչափով նույնը կրկնելու կարիքը չեմ տեսնում:

Այս ուղերձի առանցքային նպատակն է պարզաբանել, մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, մեր երկրի հետ, և թե ինչու՞ է դա տեղի ունենում:

Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում և մեր գիտակցության մեջ: Դա բարդ, ցավոտ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք միասին ու պետք է անցնենք: Դա անկախության և ինքնիշխանության շարժում է, որը մենք պետք է հասցնենք իր հանգրվանին, և ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելությունը: Մեր առաքելությունն է պետությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը դարձնել միջոց, որ ծառայում է քաղաքացուն և ոչ թե քաղաքացուն ծառայեցնում է իրեն:

Թե 2018 և թե 2021 թվականին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու Հայաստանի Հանրապետության ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ՛՛:

  • Կիսվել: