Որքանո՞վ կարող ենք լուրջ վերաբերել այս բյուջեի ծախսերին, երբ այս քաղաքապետարանի նկատմամբ վստահություն չկա․ Զարոկյան
Քննարկում ենք բյուջեի արդյունավետությունը, բայց որքանո՞վ կարող ենք լուրջ վերաբերել այս բյուջեի ծախսերին, երբ այս քաղաքապետարանի նկատմամբ վստահություն չկա: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Ազգային ռաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:
«Օրինակ, շինարարական ծախսերի վերաբերյալ մենք բոլորս լսել ենք «Լիլան Արմ» անունով շինարարական ընկերության մասին, որի ղեկավարը եղել է ՔՊ-ի ավագանու ցուցակում: Ես նայեցի ֆինանսական նախարարության կայքում, որպեսզի տեսնեմ, թե 2019-ից ի վեր որքան պայմանագրեր է շահել «Լիլան Արմը» և իր մրցակիցները։ Պարզեցի, որ Երևան քաղաքի մրցույթներին հաճախակի մասնակցող 13 ընկերություններից երկու ընկերություն շահում է քաղաքի շինարարության հայտերի ավելի քան 95%-ը։ Այդ երկու ընկերություններից մեկը «Լիլան Արմն» է, որը շահել է 25.5 միլիոն դոլարի պայմանագրեր, իսկ մյուսը 2021 թվականի փետրվարին ստեղծված Capital Shin Construction ընկերությունն է, որը շահել է 29 միլիոն դոլարի պայմանագրեր։
Ի դեպ, «Լիլան Արմը» 2000 թվականին է ստեղծել և մինչև իշխանափոխությունը նա շահել է ընդամենը 400 հազար դոլարի պետական պայմանագրեր, որովհետև կա մրցույթ և կա ՔՊ-ական մրցույթ: Սա է ձեր մրցույթի ձևը»,- հայտարարեց ավագանու ընդդիմադիր անդամը:
Զարոկյանը խոսեց նաեւ տասնյակ միլիոնավոր դոլարների արժեքի շինթույլտույթների մասին, որոնք տեղ չեն գտնում քաղաքի բյուջեում. «Մոտ վեց ամիս առաջ քաղաքապետարանը ընդունեց նոր գլխավոր հատակագիծ, որտեղ միտումնավոր շարունակեց դուրս թողնել գոտիավորման հստակ սահմանումներ, նոր շենքերի բարձրությունը կարգավորելու համար։ Երևանը աշխարհի հազվադեպ քաղաքներից է, որտեղ շենքերի բարձրության վերաբերյալ թույլտվությունը տրվում է քաղաքապետի հայեցողությամբ։ Իսկ ինչո՞ւ հայեցողությամբ և ոչ հստակ սահմանումներով նորմալ երկրների նման։ Պատասխանը դուք մտածեք։
Սիրուն աչքերի համար 15-20 հարկանի շենքի թույլտվություն չեն տալիս, երբ որ բոլոր շենքերը վեց հարկանի են։ Այդ ամեն հարկը մի հողի գին ունի, 1000-ից 2000 դոլար կամ ավելի բարձր է այդ հողի գինը: Մի հատ 15 հարկանի շենքը այդտեղ 10 հարկ ձրի հող է, 10 հատ ձրի հող են ստանում: Այդտեղ լուրջ գումարներ են պտտվում։
Արդյոք, մենք պիտի ուրիշ բան ակնկալեինք մի քաղաքապետից, ով փոշիացրել է 70 միլիոն դոլար ԱՆԻՖ-ում՝ գումարներ բաժանելով կասկածելի աշխատողներին և ընկերություններին, որից մեկը վերջերս իմացանք՝ մի ութ օրական օֆշորում ստեղծված ընկերություն էր, որի տնօրենը պարոն Ավինյանի կնոջ ընկերուհին և գործընկերն էր։ Այդ ընկերությունը ստացել է 4.2 միլիոն դոլար և այժմ համարյա գոյություն չունի, ունի մեկ աշխատող:
70 միլիոն դոլար բաժանվել է տարբեր բիզնեսներին 49% պետական մասնաբաժինների համար: իսկ գիտե՞ք, թե վերջին հինգ տարիներում այդ 49% ներից ինչքան շահութաբաժին է եկել պետբյուջե։ Ես նամակ ուղարկեցի ֆինանսների նախարարություն, ստացա պատասխանը, վերջին հինգ տարին ԱՆԻՖ ֆոնդ ՓԲ կողմից ստացվել է 2 մլն 883 հազար 500) դրամ, այսինքն 7300 դոլար շահութաբաժին ենք ստացել, 70 միլիոն դոլար տվել ենք, 7003 դոլար ստացել ենք։
Բա մեղք չի՞, պարոն Փաշինյանը, խեղճ մարդը կոպեկ-կոպեկ վերադարձնում է, դուք ի՞նչ եք անում այստեղ։ Կոպեկ-կոպեկ է վերադարձնում, օգնեք իրեն:
Կարո՞ղ է պարոն Փաշինյանը այսքան միամիտ է, որ չգիտի ինչ է կատարվում, թե կարող է՝ նա կանաչ լույս է տվել այս թալանին։ Նախկինները դեռ չեն պատժվել, թալանը չի վերադարձվել, և հիմա ուզում եք հավատանք, որ հարյուրավոր միլիոնավոր դոլարների թալանը համակարգված չէ՞»: