ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵԱՏՄ-ն արտոնյալ վարկեր ստանալու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել, առաջին հերթին, Հայաստանի պաշտպանունակության ամպրապնդման համար․ Աշոտ Թավադյան

ԵԱՏՄ-ն արտոնյալ վարկեր ստանալու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել, առաջին հերթին, Հայաստանի պաշտպանունակության ամպրապնդման համար․ Աշոտ Թավադյան

Հայաստանի տնտեսության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է առևտրային հաշվեկշռի էական խախտումը և տնտեսության կառուցվածքային անհավասարակշռությունը։ Սուր է գործազրկության և դրանից բխող միգրացիայի խնդիրը, Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները, առաջին հերթին, իրական հնարավորություններ են ընձեռում այդ խնդիրների լուծման համար, ինչին ուղղակիորեն նպաստում են էժան էներգառեսուրսները և Հայաստանի պատրաստի արտադրանքի իրական պահանջարկը։ Այս մասին Ագրարային համալսարանում «Հայաստանը և եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով դասախոսության ժամանակ նշեց  Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը։

Ըստ նրա՝ էներգակիրների, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական արտադրանքի գների առումով առավել լայն հնարավորություններ ընձեռում է առաջին հերթին ԵԱՏՄ առաջատարը` Ռուսաստանի Դաշնությունը։ «Նշենք, որ ԵԱՏՄ-ն արտոնյալ վարկեր ստանալու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամպրապնդման համար։ Ի տարբերություն միջազգային կազմակերպությունների մի շարք վարկերի, Ռուսաստանից ստացվել են խիստ նպատակային վարկեր։ 300 մլն դոլար երկու արտոնյալ վարկ ուղղվել են մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ, իհարկե, առանցքային նշանակություն ունի նման վարկերի օգտագործման արդյունավետությունը: Այդ գործառույթը հստակ պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը։ Հայաստանը նաև ստացել է 270 միլիոն դոլարի նպատակային վարկեր Ռուսաստանից և 30 միլիոն դոլարի դրամաշնորհներ Հայկական ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետը երկարացնելու համար»,- ընգգծեց Թաբադյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների համատեքստում կարևոր է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումը ԵԱՏՄ Արդյունաբերական քաղաքականության խորհրդի ստեղծման մասին, որի նպատակն է ներդաշնակեցնել ԵԱՏՄ երկրների արդյունաբերական քաղաքականությունը և ներկայացնել առաջարկներ ԵԱՏՄ երկրների տնտեսության զարգացման վերաբերյալ: «Հայաստանի կառավարությունը պետք է նախաձեռնություն ցուցաբերի և օգտագործի նոր հնարավորություններ՝ ավելացնելու պատրաստի արտադրանքի արտահանումը և համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ առաջին հերթին պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- նկատեց Փորձագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է հիմնված լինի արտահանման ներուժի զարգացման վրա՝ առկա մի քանի աճի կետերում։ «Հայաստանում 2022 թ արձանագրել է ապրանքաշրջանառության զգալի աճ։ 2021 թվականի համեմատ Հայաստանի արտահանումն աճել է 77,7%-ով (3,0 մլրդ դոլարից մինչև 5,4 մլրդ դոլար), և մենք կանխատեսում ենք, որ այս միտումը կշարունակվի մինչև 2023 թվականի մոտ կեսը։ Նշենք, որ արտահանման աճին հիմնականում նպաստում է ԵԱՏՄ միասնական ու ազատ շուկան։ Միայն 2022թ արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 2,8 անգամ (883 մլն դոլարից հասնելով 2,5 մլրդ դոլարի)։ Սրա համեմատ արտահանումը ԵՄ 2022թ աճել է 17,8%-ով (656-ից հասնելով 773 մլն դոլարի), դեպի Չինաստան նվազել է -2%-ով (403-ից 395 մլն դոլարի նվազում), դեպի Մերձավոր Արևելք՝ աճել է 2,8 անգամ (351-ից մինչև 984 մլն դոլար)։ ԵՄ-ում և Չինաստանում աճի դինամիկան պայմանավորված է նրանով, որ Հայաստանի արտահանման գրեթե ամբողջ ծավալը Չինաստան (97%) և դեպի ԵԱՏՄ արտահանման 37,8%-ը գունավոր մետաղների հանքաքարն են։

Միության ստեղծումից ի վեր Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է մոտ 10 անգամ։ 2015թ ԵԱՏՄ-ին բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր արտահանման մոտ 15%-ը, 2021թ. այս հարաբերակցությունը կազմել է 29,3%, 2022 թվականին այն արդեն 46,8% է։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է: Դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը ամենադիվերսիֆիկացվածն է ու հիմնականում պատրաստի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան։ Արձանագրվել է նաև ընդհանուր տոկոսային կշռի աճ դեպի ԵԱՏՄ երկրներ։ Արտահանումն աճել է ԵԱՏՄ բոլոր երկրներում՝ Ռուսաստանի Դաշնություն՝ 2,9 անգամ, Ղազախստան՝ 2 անգամ, Բելառուս՝ 2,6, Ղրղզստան՝ 2,2 անգամ։

Հետաքրքիր է, որ եթե 2017 թվականին դեպի Ռուսաստան արտահանման կազմում գերակշռում էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ապա արդեն 2018թ., իսկ հետո՝ 2019թ. արտահանումն ավելի դիվերսիֆիկացված է, իսկ դիվերսիֆիկացիան՝ շարունակական միտում ունի, ինչը ցույց է տալիս նաև ԵԱՏՄ շուկայի և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունը։ Նշենք նաև, որ ոչ ստանդարտ 2022 թվականին ԵԱՏՄ արտահանման հիմնական ապրանքը ոչ թե ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն են, այլ սարքավորումները, որոնց արտահանումը տարվա ընթացքում աճել է ավելի քան 10 անգամ։ Սա երրորդ երկրներից Ռուսաստան վերաարտահանումն է, ինչը  նաև դրական է անդրադարձել ընդհանուր առմամբ արտահանման և ՀՆԱ-ի աճի վրա»,- եզրափակեց Փավադյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: