ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ադրբեջանի հետ խաղաղության թուղթ չկա. Ծառուկյան

Ադրբեջանի հետ խաղաղության թուղթ չկա. Ծառուկյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չկա։ Այս մասին այսօր ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյան խաբում է, քանի որ որևէ ստորագրված թուղթ չկա։
 
Գագիկ Ծառուկյանը, մասնավորապես, ասաց, «Մի հատ զնաչոկ վերցրած, մենակ դա է՝ քարտեզը, ու ոչ մի այլ բան չկա։ Խաղաղությունը խոսքով չէ, դա պայմանավորվածություն է։ Խաղաղության թուղթ չկա, թող բոլորի ներկայությամբ ցույց տա։ Ալիևը պահանջներ է դրել, որ հերթականությամբ պետք է կատարվեն, իսկ չկատարվելու դեպքում պատերազմ է լինելու, պետք է հանձնեն, պետք է տան»։
Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ Փաշինյանի թիմը միայն խոսքով է ընտրությունների գնում և որևէ ծրագիր, որը հիմք ունի, չի ներկայացնում։ Նա հավելեց, որ 8 տարվա կառավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի կատարել որևէ նախընտրական խոստում։
 
«Ժողովուրդը խեղճացած, պարտքերի, վարկի տակ ճկռած, պատերի տակ կանգնած ռիսկ չի անում խոսել, քանի որ մարդիկ վախենում են, որ գործից կհանեն կամ տնային կալանք կտան»,-ասաց նա և կասկածի տակ դրեց նաև իշխանությունների այն թեզը, թե ԵՄ–ն պատրաստ է ընդունել ՀՀ ապրանքները։
 
«Եղբայր ջան, ամոթ է, սուտ եք ասում։ Դուք այսօր 8 մլրդ պարտք ավելացրել եք, պարտքերի տոկոսը չեք կարողանում փակել, ո՞ւմ հաշվին եք տալու էդ արտահանողների պարտքերը»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

  • Կիսվել: