ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ Կարապետյան

Ադրբեջանը Վաշինգտոնի հռչակագրից և խաղաղության նախնական ստորագրումից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև զգալիորեն ակտիվացրել է «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունը, ինչը մեծ ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարատև խաղաղության համար։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ, հղում անելով Արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի պաշտոնական զեկույցին, հայտարարել է Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նա մտահոգություն է հայտնել առ այն, որ խաղաղության մասին խոսակցությունների ֆոնին հարևան պետությունը միայն մեծացնում է ագրեսիվ հռետորաբանությունը։ Կարապետյանն ընդգծել է, որ այս տվյալներն ակնհայտորեն ցույց են տալիս այն իրական սպառնալիքները, որոնց բախվում են քաղաքացիները, քանի դեռ կուլիսներում առաջ են մղվում վտանգավոր թեզեր՝ Հայաստան հարյուր հազարավոր ադրբեջանցիների հնարավոր վերադարձի վերաբերյալ։

Պատասխանելով կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետագա ծրագրերի մասին՝ ընտրություններում հիպոթետիկ պարտության դեպքում, քաղաքական գործիչը կտրականապես հրաժարվել է դիտարկել պարտության սցենարը։ «Սամվել Կարապետյանը հաղթանակ կտանի և կտեղափոխվի Հայաստան, հաջորդող տարիները նա կնվիրի մեր երկրի բարօրության ապահովմանը»,–ասել է Նարեկ Կարապետյանը:

Նա նաև հավաստիացրել է, որ դաշինքի ամբողջ թիմն անցնում է այս ծանր ճանապարհով՝ հաղթահարելով ճնշումները, բացառապես հանուն վերջնական հաղթանակի, որը հասարակությունը կտեսնի արդեն մի քանի օրից։ Նա ընդգծել է, որ քաղաքական ուժի գլխավոր նպատակն է մնում Հայաստանը հանել «աղքատության աքցանից» և լիակատար ազատություն ապահովել նրանց համար, ովքեր ցանկանում են արտահայտել իրենց կարծիքը, ինչի կապակցությամբ նա կոչ է արել բոլոր ներկաներին՝ միավորել իրենց ուժեղ կողմերը հանուն պետության վերականգնման և բարգավաճման։

«Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ 5 տարվա ընթացքում մենք ունենք մեծ աշխատանք մեր երկիրն արդյունաբերականացնելու համար, մեր երկրում ծվարած աղքատութրունը հաղթահարելու համար։

Մեր երկրում այսօր 650,000 մարդ ապրում է աղքատության մեջ և դրա հաղթահարման համար մեր գլխավոր նպատակն աշխատատեղերի ստեղծումն է, նաև ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդկանց նպաստների տրամադրումն է՝ ամսեկան 150,000 դրամ։

Մենք նոր ծրագիր ունենք. անապահով ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար։ Դա արվելու է և՛ պետական, և՛ մասնավոր միջոցների համակեցության արդյունքում»,-ասել է Կարապետյանը:

  • Կիսվել: