Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է քաղաքական և հանրային գործիչների նախաձեռնած նոր նախաձեռնությունը, որի նպատակն է հանրությանը ներկայացնել «Ալիևի սահմանադրության» վտանգները։
Նա, մասնավորապես, նշել է, որ իրազեկման ակցիաների շրջանակում նախատեսվում է հետևյալը․ «Ստորագրած կուսակցությունների ղեկավարներն ու ակտիվ անդամները սկսում են լայնածավալ իրազեկման ակցիաներ Երևանով մեկ՝ հանրությանը բացատրելու Հայաստանի անկախության հիմքերի և Սահմանադրության պաշտպանության կարևորությունը»։
Բացի դրանից՝ քաղաքական համախմբման շրջանակում նախատեսվում է հետևյալը․ «Տարբեր քաղաքական ուժեր և հանրային գործիչներ միավորվել են «հակաալիևյան» պակտի շուրջ՝ դեմ արտահայտվելով արտաքին թելադրանքով կամ պարտադրվող սահմանադրական փոփոխություններին»։
Նարեկ Կարապետյանն անդրադարձել է նաև ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին և կալանավորումներին՝ դրանք որակելով որպես ճնշում միասնականության և համախմբման գործընթացի դեմ։
Նրա խոսքով՝ այս պահին հիմնական նպատակը Սահմանադրության և պետության հիմքերի պաշտպանությունն է, իսկ անհրաժեշտության դեպքում հանրային և փողոցային պայքարի միջոցով թույլ չտալ, որ հակառակորդը սեփական կանոնները թելադրի։



