ուրբաթ, դեկտեմբեր 13
13 / 12 / 2024
Մենք ընդամենը այլընտրանքներ ենք փնտրում, թշնամանալու ի՞նչ կա այստեղ. Գրիգորյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

Մենք ընդամենը այլընտրանքներ ենք փնտրում, թշնամանալու ի՞նչ կա այստեղ. Գրիգորյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, սա է Ռուսաստանի և ԵՄ-ի տարբերությունը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ում գործունեությունը սառեցնելու մասին պաշտոնական Երևանի հայտարարությունների և հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկից հրաժարվելու պատճառների մասին։

Նա, մասնավորապես, նշել է. «Այն բոլոր գործընկերները, որոնք ընդունում են Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանների հստակեցման, վերարտադրման, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, Հայաստանին ինքնիշխանության պաշտպանության հիմք, նրանց հետ էլ բանակցում ենք»։

Գարցազրուցավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ եթե անգամ Ռուսաստանը լավ գործընկեր չէ, սակայն, ըստ որոշ տեսակետների, իշխանություններն իրենց քայլերով Ռուսաստանին թշնամացնում են Հայաստանի հետ, ինչը կարող է շատ վտանգավոր լինել, ԱԽ քարտուղարն արձագանքել է, որ իրենք նման որևէ քայլ չեն անում։

«Մենք ընդամենը այլընտրանքներ ենք փնտրում։ Ռուսաստանը երբեմն անուղղակի, հրապարակային ասում է՝ չենք կարողանում, զբաղված ենք, չենք հասցնում բոլոր ուղղություններով զբաղվել։ Հայաստանը փորձում է իր անվտանգությունն ապահովել, թշնամանալու ի՞նչ կա այստեղ»,-ասել է Արմեն Գրիգորյանը:

  • Կիսվել: