հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Խորհրդարանում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի ԱԳՆ ներկայացուցիչները

Խորհրդարանում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի ԱԳՆ ներկայացուցիչները

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը հունիսի 3-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:

Ողջունելով Հայաստան ժամանած հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը: Նա ընդգծել է տարբեր ոլորտներում առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը, կարեւորել այս տարվա սկզբին այդ երկրների խորհրդարանների ղեկավարների այցը Հայաստան: Հանձնաժողովի նախագահը հյուրերի խնդրանքով անդրադարձել է ՀՀ-Եվրամիություն խորացող հարաբերություններին:

 

Դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են Հայաստանի հետ փոխգործակցության կարեւորությունից, ողջունել ՀՀ-ի եվրոպական ձգտումներն ու առկա գործակցության ընդլայնումը:

Ազգային ժողովի պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունների արդյունքները՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել այն:

Նորդիկ-բալթիկ երկրների ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են տարածաշրջանում եւ, մասնավորապես, Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով ու կարեւորում են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը:

Հյուրերը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

  • Կիսվել: