հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում

Նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում:

Նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են հանձնվել «Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Երևան-Կաթ», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Վանուհի Մովսիսյանին, Ազատ Ղազանչյանին, Էդուրադ Կարապետյանին պատկանող արտադրամասերից:

Այս պահին հայտնի են 7 կազմակերպություններից վերցված նմուշների հետազոտության արդյունքները:

▪️ «Թամարա» ՍՊԸ-ի արտադրության «Բրիկետ վանիլային» «СССР վանիլայի էսկիմո» «20 կոպեկ վանիլային» կաթնայուղի փոխարինիչով և «Պլոմբիր վանիլ» «Պլոմբիր կարամել» պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել (ապրանքանիշը՝ «Թամարա»)։

▪️ «Արտսվիթ» ՍՊԸ-ի արտադրության «Ֆանտազիա վանիլային», «Սկյուռիկ վանիլային», «Բրիկետ վանիլային», «Բրիկետ շոկոլադե» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին 3 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Շանթ»)։

▪️ «Նաիրի Լենդ» ՍՊԸ-ի արտադրության «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն վանիլային», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Պլոմբիրկա», «Էսկիմո շոկ ջնարակ», «Էսկիմո վանիլայաին ջնարակ», «Բևեռ կոն» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով։ «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Էսկիմո վանիլայաին ջնարակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները չեն համապատասխանել նաև մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Սթար կոն վանիլային»-ը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»)։

▪️ «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրության «Վանիլ Անիտա»,  «Վաֆլե բաժակ շոկոլադ», «էսկիմո շոկոլադե», «Բիսկվիտ վանիլ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով(ապրանքանիշը՝ «Անի»)։

▪️ «Մառնիկ» ՍՊԸ-ի արտադրության «Պլոմբիր վանիլային» և «Պլոմբիր շոկոլադե» պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով (ապրանքանիշը՝ «ՖիՆի»)։

▪️ «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի արտադրության «Բուրբոն վանիլային», «Շոկո շոկոլադային», «Ելակի համով» և  «Հատապտուղներով» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»)։

▪️ Անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանի արտադրամասում արտադրվող շոկոլադե և վանիլային կաթնայուղի փոխարինիչով փափուկ պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս, մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։

Մյուս ապրանքանիշերի պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

Խախտումներ գրանցած 6 արտադրությունների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ  արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

‼️ Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ:

‼️ Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված սննդամթերքներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է ընդամենը 1-20 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Ի գիտություն. կեղծված է համարվում այն սննդամթերքը՝

▪️ որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,

▪️ որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,

▪️ որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,

▪️ որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին։

Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպությունների մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

Հիշեցնենք որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:

  • Կիսվել: