ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ն ոչ խաղաղության, ոչ պատերազմի վիճակում են. Ռյուտե
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ «ոչ խաղաղության, ոչ էլ պատերազմի վիճակում է»։ Այս մասին, ելույթ ունենալով Լիտվայում ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում, ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն «Ռուսաստանից եկող սպառնալիքը» համարում է իրական, բացի դրանից՝ Եվրոպայի համար «պահպանվում են ահաբեկչության սպառնալիքները»։
Ռյուտեն կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքն ապահովել «ավելի մարտունակ զորքով և զենքով» և ընդգծել է, որ հունիսի վերջին Հաագայում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ակնկալում է «ռազմական ծախսերի ավելացման վերաբերյալ կարևոր որոշումներ»։
Սպասվում է, որ Հաագայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրներին կառաջարկվի իրենց ռազմական ծախսերի նպատակային մակարդակը ներկայիս 2 տոկոսից հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի:
Ռյուտեն նաև խոստացել է «շարունակել Կիևին տրամադրվող համապարփակ ռազմական աջակցությունը»: