կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Խաչմաչում գյուղատնտեսական եռուզեռ է. բնակիչներն այդպես են շեն պահում գյուղը

Խաչմաչում գյուղատնտեսական եռուզեռ է. բնակիչներն այդպես են շեն պահում գյուղը

ԱՀ Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքի բնակիչների զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է՝ անասնապահությունն ու հողագործությունը. շատ են հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ զբաղվողները։ Ունենք 280 հա հողատարածք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչմաչ համայնքի ղեկավար Մխիթար Ղահրիյանը:
 

«Բնակիչները շարունակում են արարել հայրենի Խաչմաչում, հող են մշակում, ծառ տնկում, գյուղը շենացնում: Մեր տեղանքը բարենպաստ է անասնապահությունը զարգացնելու համար, բայց գյուղատնտեսության այդ ճյուղով զբաղվողները մեծ թիվ չեն կազմում: Պատերազմից հետո տեղահանված տասներկու բնակիչ է հաստատվել այստեղ, նրանք ապահովվել են աշխատանքով և ներգրավվել գյուղատնտեսական աշխատանքներում: Բնակչության տրամադրվածությունն, ընդհանուր առմամբ, դրական է»,-ներկայացրել է համայնքապետը:

Նրա տեղեկացմամբ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վնասվել են երեք բնակելի տներ ու հանդիսությունների սրահը, դրանք վերանորոգվել են ԱՀ Քաղաքաշինության նախարարության աջակցությամբ:

2015 թվականին ԱՀ կառավարության և «Խաչմաչ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ կառուցվել է համայնքային կենտրոն` ժամանակակից պայմաններով, որտեղ տեղակայված են բուժկետը, մշակույթի տունը, գրադարանը։ Ներհամայնքային բոլոր ճանապարհները սալապատված են:

«Արցախյան ազատամարտի հերոսամարտիկ Շահեն Սարգսյանի անունը կրող դպրոցում հայրենասիրական վեհ գաղափարներով կրթվում և դաստիարակվում է 42 աշակերտ, ինչն այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտություն է և առաքելություն: Մանկապարտեզ չունենք, սակայն շատ կցանկանայինք ունենալ, որպեսզի գյուղի երեխաները մանկապարտեզ ևս հաճախեին: Ունենք խաղահրապարակ, որն ապահովում է նախադպրոցական տարիքի երեխաների ժամանցը»,-նշել է Մ. Ղահրիյանը՝ հավելելով, որ բնակիչներն ապահովված են գազով, էլեկտրաէներգիայով ու ջրով:

  • Կիսվել: