Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք բարդացնում են գործընթացը. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ հնարավոր աշխատանքներ սկսելու մասին հարցին:
Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ընդգծեց՝ «որպեսզի խոսենք սահմանների մասին, նախ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան, և ընդորում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրի համաձայնությունը, ստորագրությունը կամ միացումը ինչ-որ փաստաթղթի»: Նրա խոսքով՝ դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որովհետև քարտեզը ընդամենը սխեմա է:
«Քարտեզի տակ պետք է լինի իրավական հիմք, և այդ իրավական հիմքերի վրա մենք հիմա աշխատում ենք, հետազոտում ենք, հավաքում ենք և վերլուծելուց հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին՝ դրանց հիմա վրա ինչ-որ գործընթացներ իրականացնելու նպատակով»,- ասաց Գրիգորյանը:
Միևնույն ժամանակ՝ փոխվարչապետն ընդգծեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք գործընթացները բավականին բարդացնում են: «Առանձին վերցրած գործընթացները որոշակի իրականացման տրամաբանություն կարող են ունենալ, բայց ընդհանուր մթնոլորտը պետք է լինի շատ ավելի լավը»,- ասաց փոխվարչապետը՝ նկատի ունենալով 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժումը ՀՀ տարածք, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք եռակողմ այդ բանակցություններում Թուրքիայի եւ Իրանի կարծիքը հաշվի առնվում է. «Եթե մենք խոսում ենք ապաշրջափակման մասին եւ եթե հավատում ենք այդ գաղափարին, բնականաբար, դա տարածաշրջանային նշանակություն ունեցող երեւույթ է եւ մեր երկրի համար դա շատ կարեւոր է: Որովհետեւ տարածաշրջանային դերակատարությունը խաղաղության հիմնական երաշխիքն է, կամ երաշխիքներից մեկը: Այդ իմաստով տարածաշրջանային էֆեկտներ կան եւ, իհարկե, այլ երկրներ՝ Վրաստան, Իրան, առնչություն կունենան հետեւանքների հետ, եթե մեզ հաջողվի ինչ-որ համաձայնությունների գալ: Բայց եռակողմ հարթակում քննարկումներին ներգրավելու մասով ոչ, չկա նման ոչ ձեւաչափ, ոչ պայմանավորվածություն, ոչ էլ փաստ»,-ասաց փոխվարչապետը:
Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ միջանցքի տրամադրման հարց չի քննարկվում եւ չի քննարկվելու:
Հարցին, թե այդ դեպքում ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան օրուգիշեր դրա մասին խոսում, փոխվարչապետը նշեց. «Ավելի լավ է լսեք այն, ինչը ես եմ ձեզ ասում»: