հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կա՛մ ՀՀ-ն կունենա անկախ դատարան, կա՛մ այս դատական համակարգը կխորտակի ՀՀ-ն. Բաբաջանյան

Կա՛մ ՀՀ-ն կունենա անկախ դատարան, կա՛մ այս դատական համակարգը կխորտակի ՀՀ-ն. Բաբաջանյան

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ու նրանց շահերի պաշտպանների որոշումը՝ ֆիզիկապես չմասնակցել Մարտի 1-ի գործի դատաքննությանը, նշանային էր ու խորհրդանշական։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ իր ՛՛Կա՛մ Հայաստանը կունենա անկախ դատարան, կա՛մ այս դատական համակարգը կխորտակի Հայաստանը՛՛ վերտառությամբ գրառման մեջ: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այդ որոշումը Հայաստանի դատական համակարգում տիրող խայտառակ իրավիճակի խորհրդանշական արտահայտությունն է։ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն այդ որոշմամբ ընդամենը չցանկացան մաս կազմել այն իրավական ֆարսի շարունակությանը, որը բեմադրվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից՝ զուգորդվելով դատավորի անգործությամբ։

Այսպիսով, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների որոշումը պետք է ահազանգ ու սթափության կոչ դառնա առաջին հերթին իշխանության, բայց նաև երկրի ճակատագրով մտահոգ մյուս բոլոր քաղաքական-քաղաքացիական խմբերի, անհատների համար, ահազանգ առ այն, որ այսպիսի իրավիճակով գործող դատաիրավական համակարգն այլևս լրջագույն սպառնալիք է երկրի համար։ Այս սթափության կոչը պետք է մոտիվացնի մի քանի կարևորագույն որոշումներ ու նախաձեռնություններ՝ ինչպես իշխանության կողմից դատաիրավական ոլորտում բարեփոխումներ կատարելու առումով, այնպես էլ ակտիվ քաղաքական-քաղաքացիական խմբերի կողմից՝ այդ բարեփոխումների օրակարգն իշխանությանը պարտադրելու իմաստով։ Այլևս ակնհայտ ու աներկբա է, որ դատաիրավական համակարգը վերածվել է հակապետական, հակաժողովրդական ու հակաժողովրդավարական խմբավորման, որը սպասարկում է միայն նախկին իշխանությունների շահերը։

Հետևաբար խոսքն այլևս այն մասին է, որ մենք պետք է համախմբվենք ժողովրդավարությունն ու պետությունը դատական համակարգից պաշտպանելու կենսական խնդրի շուրջ, որովհետև դատական համակարգի բացարձակ հովանավորության ներքո նախկին իշխանություններն այլևս անթաքույց ռևանշի ծրագրեր են մշակում ու վաղը փորձելու են իրականացնել դրանք։

Արդեն ավելի քան երկուսուկես տարի երկրում հաստատվել է անոմալ, դեգրադացված համակարգային անհամապատասխանություն. իշխանության գործադիր ու օրենսդիր թևերն ունեն բացարձակ լեգիտիմություն, գործում են Սահմանադրության ու օրենքի դաշտում, մինչդեռ իշխանության մյուս թևը՝ դատական համակարգը, ոչ միայն լեգիտիմության նշույլ իսկ չունի, այլ նաև օրենքի ֆորմալիստական ձևակերպումների ներքո ամբողջությամբ գործում է Սահմանադրության, օրենքի, պետության ու հասարակության դեմ։ Այս անոմալիան ու անհամապատասխանությունը պետք է օր առաջ վերացնել, դատական իշխանությունը պետք է դարձնել նույնչափ լեգիտիմ ու օրինական, որքան իշխանության մյուս թևերը։ Հակառակ դեպքում դատական իշխանությունն ինքն է պետությունն իր հետևից խորտակելու հակասահմանադրականության, անօրինականության ու խավարի ճահճում՝ ճանապարհ հարթելով նախկինների ռևանշիստական ծրագրերի իրականացման համար։
Հույս ունեմ, որ իշխանությունն առնվազն գիտակցում է այս խնդիրների լրջությունն ու կարևորությունը, բայց այդ գիտակցումը պասիվ դիրքորոշումից օր առաջ պետք է վերածվի ակտիվ, նախաձեռնողական մոտեցման։

Ընդամենը մի քանի ինստիտուցիոնալ որոշումներով կարելի է դատական համակարգն ազատագրել նախկինների ճիրաններից։ Բայց դա պետք է անել հենց այսօր, քանի որ վաղը կարող է ուշ լինել։ Իրականում դատաիրավական համակարգն այսօրվա խայտառակ իրավիճակում է հայտնվել իշխանության դանդաղկոտության ու անհետևողականության պատճառով։

Եթե սկզբնապես հայտարարվող դատաիրավական ոլորտի բարեփոխումները կյանքի կոչվեին 1, 1.5, 2 տարի առաջ, վստահաբար մենք այսօր արդեն կունենայինք միանգամայն այլ որակի դատական համակարգ, և Հայաստանի նորագույն պատմության ամենաաղմկոտ գործի՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները ստիպված չէին լինի դիմելու նման ծայրահեղ քայլերի՝ մեզ բոլորիս, բայց առաջին հերթին իշխանություններին ահազանգ հնչեցնելով այն մասին, որ դատական համակարգն այս վիճակով կարող է պայթեցնել պետությունը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով՛՛։

 

  • Կիսվել: