հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ինչպիսի՞ն կլինի Հարավային Կովկասը 2030 թվականին

Ինչպիսի՞ն կլինի Հարավային Կովկասը 2030 թվականին

Վերջին շրջանում մեր հավաքական անհանգստությունը անվտանգության բացահայտ դեֆիցիտի կապակցությամբ հանգեցրել է քննարկումների, որոնց նպատակն է հասարակության լայն շերտերին հասցնել անվտանգ, ինքնիշխան պետության գոյության համար վարվող քաղաքականությունը, դրա առավելությունները, ակնառու թերությունները և, վերջապես, ձևավորել ապագայի քիչ թե շատ ընդունելի տեսլական:

Այս մղումներն են թելադրել գրելու հերթական վերլուծականս, որտեղ ինձ թույլ եմ տալիս քննարկել ինչպես մեզանում, այնպես էլ Վրաստանում և Ադրբեջանում առկա որոշ մոտեցումներ:

Վրաստանը պատրաստվում է 2030 թվականին

 Վրացական քաղաքական վերնախավերը հույս ունեն, որ 2030թ. վերջապես կքննարկվի Եվրոպական Միությանը Վրաստանի անդամակցության հարցը: Այստեղ ասում են, որ Եվրոմիությունը ունի անդամության 8 թեկնածու և դրանցից մի քանիսին կարող է ընդունել իր կազմ արդեն 2030թ.: Վրացիների համար այս լավատեսական սցենարին արևմտամետ հասարակական-քաղաքական դաշտը պատրաստվում է բծախնդրորեն: Տարբեր սոցիոլոգիական հարցումների համաձայն Վրաստանի բնակչության 80-90% հավատում է, որ Վրաստանը կարող է դառնալ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ: Այս ձգտումն են թելադրում քաղաքական կյանքի բոլոր աշխույժ գործընթացները: «Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականությունը արժանի է մեծ հարգանքի, որովհետև չշեղվելով վրացական հասարակության վերոհիշյալ սպասումներից, շատ լավ հասկանում է, որ դեռ տարիներ կան մինչև այդ հավանական քննարկումը, և այդ տարիները դեռ պետք է լցվեն տնտեսական զարգացումով, քաղաքական կայունության ամրապնդմամբ և զգայուն տարածաշրջանային քաղաքականությամբ: Վրաստանը զգույշ, բայց հետևողական քայլեր է անում Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը զարգացնելու ուղղությամբ: Այստեղ հնարավոր են համարում տնտեսական հարաբերությունների զարգացումը նույնիսկ Աբխազիայի և Հարավային Օսիայի ցավոտ հարցերը ժամանակավորապես մի կողմ թողնելու միջոցով:

Վրացական ընդդիմությունը մեծամասամբ բաղկացած է էլ ավելի արևմտամետ, Մ.Սահակաշվիլու կողմնակիցներից, բայց բարձրաձայն խոսել են սկսել նաև այլ ընդդիմադիրներ, որոնք կարծում են, որ ճիշտ կլիներ, օրինակ, Վրաստանի մասնակցությունը «3+3» ձևաչափում: Ամեն դեպքում, Վրաստանում մի կոնսենսուս է ձևավորվում, որտեղ վրացակենտրոն Հարավային Կովկասի ստեղծման համար պետք է կոնկրետ քայլեր անել:

Սա է պատճառը, որ մեր Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար գիտնականները հնարավոր են համարում նոր ձևավորվող իրողությունների պայմաններում խնդրել ինչպես ռուս, այնպես էլ վրացի գործընկերներին վրացական և  ռուսական խոսույթներում պահել աբխազական երկաթուղով Կովկասը Ռուսաստանին միացնող նոր տրանսպորտային միջանցքի հարցը: Այս գաղափարը պաշտպանվում է նաև իրանցիների կողմից, որոնք նոր համագործակցության և նոր դաշինքների պայմաններում կուզենային գործարկել Թեհրան-Երևան-Թբիլիսի-Մոսկվա երկաթուղին, մասնավորապես, ուղևորների համար: Վրաստանում դեմ չեն սերտորեն համահգործակցել Հայաստանի հետ, ինչը հնարավորություն է տվել հայ վերլուծաբաններին երկկողմ հարաբերություններում խոսելու բարեկամությունից ռազմավարական գործընկերության անցնելու մասին: Համենայն դեպս, Հայաստանի այսօրվա իշխանությունը կուզենար ճիշտ գնահատել այն ներուժը, որ ունի Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումը Արևմուտքի հետ համագործակցությունն ու վստահելի փոխգործակցությունը առաջ մղելու համար:

Ադրբեջանի տեսլականը ադրբեջանակենտրոն Հարավային Կովկասի մասին

                                                                                            

Ադրբեջանում համոզված են, որ ժամանակն աշխատում է իրենց երկրի օգտին: Ադրբեջանն իրեն տեսնում է որպես տարածաշրջանային առաջատար, որտեղ կարողանալու է թելադրել տարածաշրջանային համագործակցության պայմանները: Ադրբեջանում քաղաքական խնդիր է Թուրքիայի հետ լիակատար ինտեգրումը Հարավային Կովկասում առաջատար դիրք ապահովելու և դա պահպանելու նպատակով:

Դեռ 90-ական թթ. Արևմուտքը Թուրքիային ճանապարհ է տվել ամրապնդելու իր դիրքերը Կովկասում և Կենտրոնական Ասիայում արևմտյան շահերն առաջ մղելու նպատակով: Այսօր արևմտյան, ռուսական, չինական և այլ ծրագրերի համադրման արդյունքում ստեղծվում է մի վիճակ, երբ բոլորին հարմար է, որ Հարավային Կովկասով անցնեն Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները:

Կրկին հարկ ենք համարում անդրադառնալ «Արևմուտք-Արևելք» ռազմավարական առանցքին, որի գործնական արտահայտությունն է նույնանուն տրանսպորտային միջանցքը: Անցյալ դարի առաջին կեսին Թուրքիայում շատ տարածված էր համաթուրքականության, կամ, ինչպես ասում են Մեծ Թուրանի տեսլականը: Դա նախկին Օսմանյան կայսրության ծրագիրն էր ռուսական տարածքների վրա ստեղծել մեծ կայսրություն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու մուսուլման ժողովուրդների ներգրավումով:

Խորհրդային Միության փլուզման արդյունքում Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները անկախություն են ստացել և զարգացման տպավորիչ հաջողությունների են հասել անցած 30 տարում: Նրանք, այսօր, իհարկե, չեն համաձայնի մտնել Թուրքիայի կազմի մեջ: Այդպիսի հարց այսօիր չի էլ դրվում: Մեր ժամանակների առանձնահատկությունն այն է, որ թյուրքական պետությունների ինտեգրումը զուգակցվելու է բոլոր մասնակիցների ազգային պետականության ու ինքնիշխանության ամրապնդմամբ: Այժմ արտակարգ արդիական են դարձել քաղաքագիտական և տնտեսագիտական վերլուծությունները, որոնք ճշգրտորեն կուրվագծեին, թե ինչ գլխավոր ուղղություններով է զարգանալու թյուրքական պետությունների միջև այդ ինտեգրացիոն գործընթացը:

Աշխարհը փոխվում է: Փոխվում են նաև քաղաքական ու տնտեսական մոտեցումները: Մեր հավաքական կեցվածքից առայժմ չի երևում, որ մենք ի վիճակի ենք գեներացնելու թարմ գաղափարներ փորձանքը մեզնից հեռու տանելու համար: Այնինչ կարելի էր մտածել, որ հայ քաղաքական և տնտեսական միտքն այսքան շատ գիտնականների ու փորձագետների առկայությամբ պետք է որ կարողանար համարժեք մոտեցումներ մշակել այսօրվա տարածաշրջանային իրողություններին: Եթե մեզանում կարծում են, որ դրսից ինչ-որ մեկը պատվիրելու է նման մշակումներ իրենց, ապա չարաչար սխալվում են: Սա հայերիս, և միայն հայերիս խնդիրն է: Հայաստանին և Վրաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ են կենսունակ գաղափարներ ներդաշնակորեն տեղավորվելու համար թյուրքական ինտեգրման դաշտի մեջ, պահպանելու իրենց ինքնիշխանությունը և ամրապնդելու անվտանգությունը: Մեր քաղաքական դաշտի հռետորաբանությունից դեռ չի երևում, որ նման մոտեցումներ մշակվում են: 

 

Հայաստանն ընտրության առջև

Եթե 2030թ. Վրաստանն ընդունեն Եվրոպական Միության կազմ, ԵՄ-ն կմտնի Հարավային Կովկաս: Ինչպես ժամանակին պատահեց Եվրոպայի Խորհրդին անդամության հարցում, Վրաստանի անդամակցությունը այդ միջազգային իրավական կառույցին խթանեց իրավական բարեփոխումներ Հայաստանում և Ադրբեջանում: Հարց. իսկ եթե 2030թ. Վրաստանին չընդունե՞ն: Իսկ եթե այդ հարցը հետաձգվի կրկին անորոշ ժամանակո՞վ: Կամ նոր զարգացող համաշխարհային ու տարածաշրջանային գործընթացները բարդացնե՞ն այդ անդամակցությունը: Հայաստանի արևմտամետ գործիչներն ասում են, որ եվրոպական ինտեգրման տեմպերն արագացնելու մասին խոսակցությունները վարում են նրանք, ովքեր փորձում են խոչընդոտել այդ գործընթացները (մարդկանց հիասթափեցնելու նպատակով): Բայց քարոզչությունից մի կողմ գնալով, հասկանու՞մ ենք մենք արդյոք, որ աշխարհում ծավալվող գործընթացները իսկապես ահագնացրել են մեծ սպառնալիքնեը և անգամներ փոքրացրել են Հայաստանի անվտանգության երաշխիքները:

Այո, մենք համաձայն ենք, որ Ռուսաստանի, առանձին վերցրած, ազդեցությունը Հարավային Կովկասում մի շարք պատճառներով փոքրացել է: Մենք հասկանում ենք, որ այսօր տարածաշրջանում ակնհայտորեն մեծանում է Թուրքիայի ներկայությունը: Մենք հստակ պատկերացնում ենք, որ տարածաշրջանային գործընթացների գլխավոր պատասխանատուներն են Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը միասին և դրա համար էլ շատ կենսունակ է «3+3» խորհրդատվական հարթակը: Բայց եթե նույնիսկ կա ընդհանուր պատկերացում վերը ասվածի մասին, առայժմ չի երևում, որ տարածաշրջանային գործընթացներում ներդաշնակորեն տեղավորվելն է մեր իշխանության գլխավոր խնդիրը: Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ գլխավոր նպատակ է համարում ԱՄՆ-ի և Եվրոպական Միության հետ համագործակցության ամրապնդումը, դա անվանելով ցանկություն լիարժեքորեն մաս կազմելու եվրոպական ազգերի ընտանիքին: Եվ սա այն ժամանակ, երբ Վրաստանը, որ այդ ճանապարհով արդեն լի ու լի անցել է, ավելի արդիական ու ժամանակակից խնդիրներ է իր առջև դնում: Ինչու՞ պետք է Հայաստան-Վրաստան ապագա ռազմավարական գործընկերությունը ուղղված լինի Ռուսաստանի դեմ, կամ լինի նրա հաշվին: Ինպե՞ս է դա հնարավոր:

Արցախյան երկրորդ պատերազմը և արցախցիների բռնի տեղահանությունը փոխեցին բնակչության ստվար մասի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վատացան: Հայաստանը զիջեց իր տեղերը Ռուսաստանի բարեկամ երկրների վարկանիշային ցանկում և այժմ գտնվում է եզրափակիչ 10-րդ տեղում, որից հետո գալիս է կամ հարաբերականորեն բարեկամ/ հարաբերականորեն ոչ բարեկամ Վրաստանը, նրանից հետո էլ Ռուսաստանի ոչ բարեկամ համարվող Մոլդովան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Ուկրայինան: Հնարավո՞ր է արդյոք կասեցնել այդ անկումը և թույլ չտալ հարաբերությունների հետագա վատթարացում:

Որոշ դեղատոմսեր ավելի անվտանգ Հայաստանի համար

 Մինչև 2030թ. դեռ վեց տարի կա: Տողերիս հեղինակը կարծում է, որ կարելի է կրկին սկսել աշխատել մեռյալ կետից հայ-ռուսական հարաբերությունները դեպի ավելի կենսական դարձնելու համար: Անհրաժեշտ է վերալիցքավորել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրը: Այդ հարաբերություններին ռեստարտ է պետք: Եթե մենք ունենք դժվարություններ նորից սկսելու հարաբերությունների կարգավորումը նոր իրողությունների շրջանակում և նոր մոտեցումներով, մենք պետք է մտածենք, թե ով կարող է մեզ օգնել: Լավ իմանալով ժամանակակից Ռուսաստանը և ժամանակակից Ղազախստանը, թույլ եմ տալի ինձ մի կանխատեսում անել առ այն, որ Ղազախստանի նախագահ Տոկաևը (ով շատ գոհ էր իր վերջին այցից Հայաստան) կարող էր մի վստահելի միջնորդություն կատարել հայ-ռուսական բանակցային գործընթացը վերսկսելու համար: Եվ Ռուսաստանը, և Հայաստանը հայտնվել են մի վիճակում, որտեղ ակնհայտորեն թարմ մոտեցումներ և նոր գաղափարներ են անհրաժեշտ: Հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակը վճռական փաստարկ է երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները առաջ մղելու օգտին:

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը բոլոր մակարդակներում մշտական կապի մեջ են և շատ լավ են պատկերացնում իրենց համագործակցության և փոխգործակցության իրական հնարավորությունները: Հայաստանին հարկավոր է ներդաշնակորեն ներգրավվել տարածաշրջանային գործընթացներում: Երեկվա թշնամիները կարող են և վաղվա գործընկերներ լինել: Իրար հետ շփվել, առևտուր անել և փոխազդեցություններ ունենալ: Բայց այսքանը հասկանալով, ինչու՞ է հարկավոր երեկվա բարեկամներին այսօր թշնամի դաձնել: Ո՞րն է դրա տրամաբանությունը: 

 Արամ Սաֆարյան՝  Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: