Դուք ուզում եք կոռուպցիան պաշտպանել, քանի որ չեք ուզում, որ այդ հանձնաժողովը ձեւավորվի․ Մարուքյանը՝ Մակունցին
Դուք ուզում եք կոռուպցիան պաշտպանել, քանի որ չեք ուզում, որ այդ հանձնաժողովը ձեւավորվի: Այս մասին այսօր ԱԺ նիստում Խորհրդարանական նոր հատուկ հանձնաժողովի գործունեության եւ լիազորությունների հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ եթե խորհրդարանական մեծամասնությունը վաղը տապալի Երեւանի քաղաքապետարանին նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քվեարկությունը, ապա դա ծանր հարված կլինի խորհրդարանական ժողովրդավարությանը:
«Ես կցանկանայի դիմել ԱԺ նախագահին եւ իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Եթե խորհրդարանական մեծամասնությունը վաղը տապալի Երեւանի քաղաքապետարանին նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քվեարկությունը, ապա դա ծանր հարված կլինի խորհրդարանական ժողովրդավարությանը, քանի որ դուք, լինելով քաղաքական մեծամասնություն, լինելու եք մեծամասնություն նաեւ բուն հանձնաժողովում, եւ հենց դուք կտեսնեք՝ կոռուպցիա կա՞, թե՞ չկա: Եթե վաղը մեր նախաձեռնությունը տապալվի, ապա դուք դրա համար կրելու եք քաղաքական պատասխանատվություն, եւ ձեզ համար առաջանալու են լուրջ քաղաքական խնդիրներ: Մի արեք դա»,- հայտարարեց Մարուքյանը՝ դիմնելով Մակունցին:
Ավելի վաղ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ «Իմ քայլը» կառավարող դաշինքի խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկելու Երեւանի քաղաքապետարանի ստացած նվերները հետաքննող հանձնաժողովի կազմի հաստատմանը։