կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, բայց այն խաղաղության պայմանագիր չէ. վերլուծաբան Թոմ դե Վալ

Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, բայց այն խաղաղության պայմանագիր չէ. վերլուծաբան Թոմ դե Վալ

Միջազգային հանրությունը մեծ հաշվով համակարծիք է՝ ԼՂ հակամարտության շուրջ վերջին հրադադարը ուղղված է պատերազմի դադարեցմանը, սակայն դա վերջնական կարգավորման համաձայնություն չէ, որի համար անհրաժեշտ է բանակցային գործընթաց: ԵՄ ևս կիսում է այս մոտեցումը, գորւմ է «Ամերիկայի Ձայնը»։

Ռազմական գործողությունների դադարեցումն ընդամենն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության կարգավորման ուղղությամբ, ասված է ԵՄ հայտարարության մեջ։ ԵՄ-ը գտնում է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման համար, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իր հայտարարության մեջ Բրյուսելը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին համանախագահների գլխավորությամբ:

Այս մոտեցումը կիսում են Վաշինգտոնում ու Փարիզում: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմփեոն հայտարարել էր, որ կողմերի միջև ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորմանը: ՛՛Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս արագ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն քաղաքական կարգավորմանը` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ասել է պետքարտուղարը՝ հիշեցնեկով, որ դրանք են ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների սկզբունքները:

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վալն իր վերջին հրապարակաման մեջ կարծիք է հայտնում, որ Արևելյան գործընկերության երկու երկրների՝ ՀՀ և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը մարտահրավեր է ԵՄ՝ Հարավային Կովկասում ռազմավարական դեր ստանձնելու ձգտումներին, գրում է դե Վալը՝ ընդգծելով, որ ԵՄ-ը պարզապես չունի ինստիտուցիոնալ գործիքներ այս ճգնաժամը հաղթահարելու համար: Այս օրերին ԼՂ հարցում արևմտյան տերությունները հայտնվել են խաղից դուրս վիճակում, և այժմ պետք է ջանքեր գործադրեն դիրքերը վերականգնելու համար, ընդգծում է նա:

՛՛Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, սակայն սա խաղաղության պայմանագիր չէ՛՛,- գրում է դե Վալը, ով չի բացառում, որ ՌԴ առաջնորդ Պուտինը կարող է քայլեր ձեռնարկել վերջնական կարգավորման ուղղությամբ, որը կբարելավվեր կողմերի միջև հարաբերությունները: Նա, սակայն, ավելի հակված է, որ ՌԴ-ի գերխնդիրն է Հարավային Կովկասում իր ազդեցության ուժեղացումն ու առևտրային ուղիների վերահսկումը երկարաժամկետ խաղաղության փոխարեն, ուստի ռազմական գործողությունների վերսկսման վտանգի պահպանումը կնապստի ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի պահպանմանը, նշում է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և հրադադարի հիմնական բանակցող, առարկություն չի հայտնել բանակցույունների վերսկսման ուղղությամբ: Մոսկվայում, սակայն, ընդգծում են՝ այսօր Լեռնային Ղարաբաղում առաջնային խնդիրն է խաղաղ կյանքի վերականգնումը: Ռուսական հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ այսօր կողմերը համաձայնվել են պահպանել առկա ստատուս քվոն, իսկ հետագա խնդիրները պետք է կարգավորվեն ապագայում կամ ապագա ղեկավարների ու գործընթացի մասնակիցների կողմից: Նա նաև չի բացառել, որ ԼՂ կարգավիճակի խնդիրը կարող է կարգավորվել բնականոն կյանքի պայմանների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և հակամարտության գոտում խաղաղ գոյակցության վերականգնումից հետո:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կարծիքով Ռուսաստանն անկախությունից ի վեր եթե ոչ հրահրել, ապա զգալիորեն շահել է հետխորհդային ճգնաժամերից, որոնց թվում են Մերձդնեստրյան, Աբխազիայի, Հարավային Օսիայի,Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: ՌԴ միջնորդությամբ հաստատված վերջին հրադադարը ԼՂ-ում կանգնեցրել է արյունահեղույունը, փոխել իրավիճակը հակամարտության գոտում, սակայն չի ապահովել վերջնական կարգավորում, կարծում է Հոգլանդը:

''ԵԱՀԿ Մինսկի խումբը մշակել էր մադրիդյան սկզբունքներ, որոնք առաջ են քաշել վերջնական կարգավորմանը հասնելու ուղին: Անգամ ՛՛Լավրովի պլանը՛՛, որը ներկայացվել էր 2017 թ.-ին, ուներ վերջնական կարգավորմանը հասնելու ճանապարհ: Խոսքը նրա մասին է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ի վերջո, ոչ անմիջապես, պետք է անցկացնի որոշակի հանրաքվե, իր ապագայի կարգավիճակի մասին որոշում կայացնելու համար'',- նշում է Հոգլանդը:

Նա գտնում է, սակայն, որ այս պահին բանակցությունները չեն հանգեցնի որևէ արդյունքի: Բանակցային գործընթացը մոտակա ժամանակում չի կարող լինել արդյունավետ կողմերի միջև առկա հուզական բարձր ֆոնի պատճառով, շեշտում է Հոգլանդը:

  • Կիսվել: