ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Պայթյուն Աղավնատուն գյուղում. Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ, արնանման հետքեր

Պայթյուն Աղավնատուն գյուղում. Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ, արնանման հետքեր

Այսօր՝ հունիսի 4-ին, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աղավնատուն գյուղ, որտեղ Ավագյան փողոցի 5 հասցեի տանից «ձախ դաստակի 4-րդ և 5-րդ մատների լրիվ ամպուտացիա» ախտորոշմամբ քաղաքացիների կողմից հիվանդանոց է տեղափոխվել մեկ հոգի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։

Տեղում համայնքային ոստիկանը պարզել է, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Դիշեր Ֆ.-ն է։

Պարզվել է, որ նշված տանը շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ նա գտել «Ֆ1» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, որի պայթուցիչի օղակը անզգուշությամբ ձգելու հետևանքով ձեռքի մեջ պայթել է, ինչի պատճառով էլ վնասվածք է ստացել։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, նռնակն ու պայթուցիչը։

  • Կիսվել: