Հայ գործարար Արեգ Շչեպիխինի առևանգման փաստով քրեական գործ է հարուցվել
Հայ գործարար Արեգ Շչեպիխինի առևանգման փաստով քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Քննչական կոմիտեում:
Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի՝ Մոսկվա քաղաքի գլխավոր քննչական վարչության քննչական մարմինները նյութեր են ստացել Մոսկվա քաղաքի՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ տղամարդու նկատմամբ մի խումբ անձանց անօրինական գործողությունների վերաբերյալ։
Ինչպես հաղորդվում է՝ բոլոր մեղադրյալները տեղափոխվել են վարչության Մոսկվայի բաժին։ Մոտ ժամանակներս նրանք կկալանավորվեն։
Ռուսական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում գտնվող Յարոսլավլի կայարանի մոտ մի քանի մարդ բռնի ուժով նստեցրել է հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին մեքենայի բեռնախցիկը եւ տարել: Տղամարդը օգնություն է կանչել և խնդրել ոստիկանություն կանչել։ Միջադեպի տեսանյութը հայտնվել է ռուսական մի քանի տելեգրամյան ալիքներում։ Ավելի ուշ Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևը հայտարարել է, որ Շչեպիխինի նկատմամբ ստուգումներ են անցկացվում այն փաստերի առնչությամբ, որոնք կապված են հրապարակային գործողությունների հետ՝ ուղղված հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելուն և ազգային և կրոնական պատկանելության հիման վրա մի խումբ անձանց արժանապատվությունը նվաստացնելուն։