Ուկրաինան իրեն վերապահում է անհատական և հավաքական ինքնապաշտպանության իրավունք․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ձգտում է խաղաղության և կշարունակի դիվանագիտական աշխատանքն այդ ուղղությամբ՝ Դոնբասի հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի որոշումից հետո։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ես քննարկել եմ իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր (Օլաֆ-խմբ․) Շոլցի, ԱՄՆ նախագահ (Ջո) Բայդենի , Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Նաև խոսել եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Ծրագրում եմ զրույց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ»,-ասված է Զելենսկու տեսաուղերձում։
«Մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց մենք հետևողական ենք մեր գործողություններում»,-ասել է Զելենսկին։
Ուկրաինայի ԱԳՆ-ը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին հայց է ուղղել՝ Բուդապեշտի հուշագրի հիման վրա անհապաղ խորհրդակցություններ անցկացնելու պահանջով։ Նախաձեռնվել է նաև ՄԱԿ ԱԽ նիստի գումարում, ինչի մասին արդեն հայտնել ենք, ինչպես նաև ԵԱՀԿ հատուկ նիստի անցկացում։
«Մենք հակված ենք քաղաքական-դիվանագիտական կարգավորման և չենք ենթարկվի որևէ սադրանքի։ Մեր սահմանները հուսալիորեն պաշտպանված են, ստեղծված է տարածքային պաշտպանության համակարգ, մեր գործընկերները մեզ աջակցում են։ Համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ Ուկրաինան իրեն վերապահում է անհատական և հավաքական ինքնապաշտպանության իրավունք»,-ասել է նա՝ նշելով, որ իրենք լավ են տարբերակում սադրանքն ու հարձակումը։ Ներկայում քաոսային գործողությունների որևէ պատճառ չկա, ասել է Զելենսկին։
Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի սահմանները մնում են նույնը՝ չնայած Ռուսաստանի գործողություններին, որոնք նշանակում են Մինսկի համաձայնագրերի կատարման միակողմանի դադարեցում Մոսկվայի կողմից։ Ստեղծված իրավիճակի պատճառով Ուկրաինան նաև «Նորմանդական քառյակի» արտակարգ հանդիպում է հրավիրել։